Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում. Պատգամավոր

ՄԻՊ Արման Թաթոյանը կառավարության որոշումը որակում է՝ որպես կառույցը կառավարությունից և իշխող խմբակցությունից կախվածության մեջ դնելու միջոց։ Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որով յուրաքանչյուր տարի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: 

Նա նաև հավելել է. «Թե ինչու է պարոն ՄԻՊ-ն առանց հիմնավորման նման եզրահանգման եկել, և թե ինչ հիմնավորումներով է կառավարությունը եկել այս որոշմանը, վստահաբար, և՛ ԱԺ-ի, և՛ այլ հարթակներում կխոսենք ու կհասկանանք։ 

Բայց պարոն ՄԻՊ-ն այս համատեքստում ասում է նաև, որ կառավարությունն այլևս չի հրավիրում իրեն գործադիրի նիստերին, և դա որակում՝ որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։ 

Այնինչ պարզվում է՝ ՄԻՊ-ն ինչ-որ պահից սկսած իր փոխարեն ներկայացուցիչ է ուղարկում այն դեպքում, երբ հրավերն անձամբ իրեն է վերաբերել, հետո էլ ընդհանրապես որևէ մեկը չի ներկայանում նիստերին։ Բա էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, կոնֆետներով գա՞ր, համոզե՞ր: Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում»: