Վանո Սիրադեղյանի մահվանից 38 օր անց կառավարական հանձնաժողովը ոչինչ չունի ասելու

Հայաստանի պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը, որ 20 օր է՝ աշխատում է, առայժմ հանրությանը փոխանցելու նորություն չունի: Գրողի մավան 38-րդ օրն է լրանում, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրա աճյունը տեղափոխվելո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ, և եթե հնարավոր է տեղափոխել, ապա որտե՞ղ է հուղարկավորվելու:

«Հանձնաժողովի աշխատանքներն ավարտին հասնելուն պես հանրությանը կներկայացվի համապատասխան տեղեկատվությունը»,- «Մեդիալաբի» հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնեք, որ նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: 

Խաչատրյանը թեև տեղյակ չէր հանձնաժողովի՝ մինչ օրս արված աշխատանքների մանրամասներին, այնուամենայնիվ, վստահեցրեց, որ աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանրությունը կտեղեկանա կայացված որոշումների մասին: 

«Մեդիալաբը» փորձեց մեկնաբանություն ստանալ հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանից, անդամներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Վանո Սիրադեղյանի մահվանից հետո ստեղծված իրավիճակի մասին չի ցանկանում որևէ բան ասել՝ նշելով, որ կա հանձնաժողով, և դրա գործառույթն է այդ հարցերով զբաղվելը։

«Ես որևէ բան չեմ կարող ասել, որովհետև հանձնաժողովի անդամ չեմ ու տեղյակ էլ չեմ, թե ինչ աշխատանքներ են կատարվում։ Գուցե համատեղ աշխատում են Սիրադեղյանի ընտանիքի կամ արտասահմանի հետ, բայց ես տեղեկություն չունեմ այդ մասին, ինձ ոչ ոք ոչինչ չի ասում»,- «Մեդիալաբին» ասում է Էդվարդ Միլիտոնյանը։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել էր հոկտեմբերի 15-ին, և մինչ օրս նրա աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am