Տարոնը կարող է երդվել Սամվել Ալեքսանյանի առաջ. Լրագիր

Տարոնը կարող է երդվել Սամվել Ալեքսանյանի առաջ. Լրագիր
Տարոնը կարող է երդվել Սամվել Ալեքսանյանի առաջ. Լրագիր

Մայիսի 5-ի ընտրության պաշտոնական արդյունքի հիման վրա Երեւանի քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանը հունիսի 11-ին երդվում է եւ վերստանձնում իր պաշտոնը:

Թե ինչու է երդվում Տարոնը, պարզ չէ: Նա մի անգամ արդեն երդվել է, որից հետո արել է այնպիսի բաներ, որոնց համար երդվելու կարիք բացարձակապես չկա: Երեւանի բյուջեն աննպատակ պերճանքի համար մսխել կարելի է նաեւ առանց երդվելու: Երդվել պետք է վեհ գործերի համար, որոնք մնալու են սերունդներին: Տարոն Մարգարյանը սերունդներին թողնելու է ընդամենը պերճանքի ու թշվառության ռեկորդներ, որ Երեւանին ուղեկցում են կողք-կողքի:

Երեւանում հարյուրավոր միլիոններ են ծախսվում արտաքին ձեւավորման համար, միեւնույն ժամանակ նույն այդ քաղաքում հազարավոր քաղաքացիներ ունեն մարդկային տարրական կենսապայմանների կարիք, ունեն բնակարանի կարիք, ունեն առողջության կարիք: Եթե Երեւանի պերճանքի վրա չծախսվեն այդ հարյուրավոր միլիոնները, դրանից Երեւանն ավելի տգեղ ու անհարմար չի դառնա: Փոխարենը Երեւանը պերճանքի միլիոնների շնորհիվ դառնում է հակաքրիստոնեական քաղաք, որովհետեւ մարդիկ տարրական պայմանների կարիք ունեն, իսկ քաղաքապետարանի համար արտաքին ատրիբուտիկայի պաշտամունք է, երբ Երեւանը վերածում են տոտեմի, փոխանակ քաղաք դարձնեն:

Երեւանյան շենքերում վերելակների զգալի մասը ներկայումս մարդկանց կյանքի համար վտանգավոր երեւույթներ են, մինչդեռ Երեւանում հարյուրավոր միլիոնները շարունակում են ծախսվել «շպարի» վրա:

Տարոն Մարգարյանը կարող է երդվել նեղ իշխանական շրջանակում, որի շահերը պաշտպանել ու պաշտպանելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Տարոն Մարգարյանը կարող է երդվել Սամվել Ալեքսանյանի առաջ, որ նրան Երեւանում կհատկացնեն նորանոր սուպերմարկետների տարածքներ: Տարոն Մարգարյանը կարող է երդվել, որ բավական եկամտաբեր բիզնես կդառնա Հանրապետության հրապարակի վերակառուցումը: Տարոն Մարգարյանը կարող է երդվել, որ ամեն ինչ կանի քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա դրվածքը չփոխելու համար, որպեսզի որոշ դեպքերում գազելները ավտոբուսներով փոխելու իրողությունն այդուհանդերձ չխանգարի գծատերերի հանգիստ կյանքին ու կայուն եկամուտներին:

Տարոն Մարգարյանի երդումը պետք է լինի ոչ թե հրապարակային, այլ հասցեական, ըստ գործարքների, որ այս կամ այն մեկը կկնքի Երեւանի քաղաքապետարանի հետ ու կպատրաստվի շինել քաղաքը:

Կարելի է երդվել ընկերների ու հարազատների նեղ շրջանակում, որ ի դերեւ չեն լինի Տարոնին վարչապետ, իսկ հետո գուցե նախագահ տեսնելու նրանց ցանկություններն ու ակնկալիքները: Թեեւ այստեղ իհարկե երդվելը մի քիչ պատասխանատու կլինի, որովհետեւ այստեղ արդեն Տարոնը շատ մրցակիցներ ունի, մեկը մեկից ուժեղ մրցակիցներ: Այնպես որ ադ դեպքում երդվել պետք չէ: Այդ դեպքում պետք է աշխատել հարազատների ու ընկերների ակնկալիքների սահմանը կամաց-կամաց նվազեցնելու ուղղությամբ, որովհետեւ հակառակ դեպքում Տարոնը կարող է հայտնվել այդ ակնկալիքների ծուղակում: Առավել եւս, որ նա ամենայն հավանականությամբ շատ մոտեցել է դրան:

Այդ սահմանը Հայաստանի իշխանական համակարգում շատ նուրբ է եւ պահանջում է մեծ փորձառություն, նկատելու համար: Եթե Տարոն Մարգարյանը նրբազգաց լինի, ապա գուցե կհասկանա, որ մայիսի 5-ից սկսել է իր պաշտոնավարման հետհաշվարկը: Իսկ եթե չզգա սահմանը, ապա «գնդի որդու» կարգավիճակից առաջիկա տարիներին նա սահուն կերպով կհայտնվի «գնդի զոհի» կարգավիճակում: 

lragir.am