«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «որպես ՀՀ վարչապետ հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնիՀայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»»։ Կհաջողվի՞ նրա ցանկությունն իրականություն դարձնել։
– Եթե լրջացնենք այս խոսակցությունը, ապա պետք է ասեմ, որ շատ անհաջող օրինակի վրա է պրոյեկտվում Հայաստանի տարածքային ամբողջականության գաղափարաբանությունը: Եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ դատենք, ապա կադաստրի վկայականները երբեմն ընդլայնվում են, փոքրանում են, նոր չափագրումներ են կատարվում, նոր կոորդինատներ են տրամադրվում, այսինքն՝ կադաստրի վկայականի հանգամանքը դեռևս փաստ չէ, որ սեփականության իրավունքով իրավաբանական անձանց կամ պետությանը պատկանող անշարժ գույքն անձեռնմխելի է, հետևաբար այդ «կադաստրի վկայականը» պահպանելու համար համապատասխան միջոցներ են պետք։
Այդ միջոցներից են՝ ուժեղ պետությունը, ուժեղ բանակը, այդ «կադաստրի վկայականով» արձանագրված հողատարածքում բնակչության առկայությունն է, ու եթե դու չես ստեղծում այդ միջոցներն ու այնպիսի խաղաղություն չես հաստատում քո հարևանի հետ, որը կերաշխավորի քո անվտանգությունը, այդ «կադաստրի վկայականը» ընդամենը թղթի կտոր է, ցանկացած պահի կարող են պատռել ու նետել պատմության աղբանոցը։
Նման գեղեցիկ փաթեթավորմամբ չի կարելի մեր հասարակության խոսույթում հումորի առարկա դարձնել այդ «կադաստրի վկայականը», մենք չափից լուրջ գործընթացի ենք առնչվում ու պետք է հասկանանք հետևյալը․ այսօր ընթացող բանակցային գործընթացները բխում են Հայաստանի՞ շահերից։
– Հրապարակային տվյալները հիմք ընդունելով, ըստ ձեզ, տեղի ունեցող գործընթացները բխում են Հայաստանի՞ շահերից, թե՞ ընդհակառակը։
– Մի քանի հարցի պետք է պատասխանենք մինչ այդ․ մենք պարտվե՞լ ենք, թե՞ ոչ, եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ պարտվել ենք, հետևաբար պետք է արձանագրենք, որ պարտված երկիրը չի կարող որևէ օրակարգ առաջ մղել։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի դատողությունները, թե խաղաղության դարաշրջան է բերում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում ինքը չի կարող հասնել դրան, որովհետև ներկայացնում է պարտված երկիր, իսկ դա նրան զրկում է ինչ-որ օրակարգ առաջ մղելու բոլոր հնարավորություններից։
Ես չեմ տեսնում, որ Հայաստանի շահերն ամբողջությամբ իրացվում են, այս գործընթացները չեն բխում մեր պետության շահերից։ Ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում «անկլավների» մասով, դատողությունները, թե ճանապարհների կառուցման հետ որևէ խնդիր չկա, կներեք, ի՞նչ են նշանակում։ Եթե անգամ ճանապարհային, ինժեներական լուծումները խնդիր չեն առաջացնում, ի՞նչ է, պետք է հանձնե՞նք «անկլավները», ա՛յ քեզ տրամաբանություն։
– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Տիգրանաշենի դիրքը չպետք է «այդքան գերագնահատել», պարո՛ն Նորիկյան։
– Շատ լավ, բայց ուրիշ հարց է առաջանում․ ասում է՝ եթե պարզվի, որ դա Ադրբեջանինն է, կներեք՝ ո՞վ է պարզողը, ո՞վ է որոշելու, ի՞նչ իրավական գործերի հիման վրա է պարզվելու։ Երկու տարի առաջ ադրբեջանցիներին մեղադրում էին, թե ի՛նչ իրավական հիմքերով են խոսում «անկլավների» մասին, բա հիմա դուք ի՛նչ իրավական հիմքով եք խոսում, մի հատ ցույց տվեք, մենք էլ տեսնենք այդ իրավական հիմքերն էլի։ Եթե մենք ունենք Արծվաշեն, պետք է համակերպվե՞նք այն մտքի հետ, որ իրենք էլ ունեն Քյարքի, դա որտե՞ղ է գրված։
Ուզում եմ նաև հասկանալ, թե խաղաղության պայմանագիրը ներառո՞ւմ է Արցախի վերաբերյալ որևէ կոմպոնենտ ու եթե՝ այո, ապա այնտեղ ապրող հայերի իրավունքների ու անվտանգության մեխանիզմների ի՞նչ կոնցեպտի մասին է խոսքը։
– Այսինքն՝ ընթացող բանակցությունները ձեզ համար ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաննե՞ր տալիս։
– Այո՛։ Երկու ուշագրավ հանգամանք նշեմ․ առաջինը՝ անցած ամիս Բրյուսելում եռակողմ հանդիպմանն ընդգծվեց, որ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ տեսանելի ապագայում որոշումներ կկայացվեն, հիմա փաստացի մենք այդ որոշումները չենք տեսնում։
Երկրորդ կարևոր հանգամանքը. թեև մայիսի սկզբին Վաշինգտոնում արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը Բլինքենը հայտարարեց, որ շոշափելի արդյունք է արձանագրվել, բայց ՀՀ արտգործնախարարությունը ընդգծեց, որ սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերը համաձայնություն չունեն, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում շոշափելի հաջողություններ չեն գրանցվել։ Պետք է արձանագրել, որ կողմերը մնացել են իրենց դիրքորոշմանը անկյունաքարային հարցերի վերաբերյալ։
Երրորդ՝ անցյալ շաբաթ Կրեմլում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ ԼՂ-ի ճակատագրի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերի վերաբերյալ Կրեմլը զիջել է դիրքերն ու այն վերապահել բրյուսելյան ձևաչափին, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է ու նրա մասնակցությամբ է ընթանում։ Հիմա պետք է հասկանանք՝ տարածաշրջանում ո՞վ է մոդերատորը, խաղաղության օրակարգ գեներացնողն ու հարցեր լուծողը։ Սա՛ է մեր կարևոր անելիքը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am