Ռազմական դրության ժամանակ համացանցը մասնակի կամ ամբողջական սահմանափակելու նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքում:Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ:

«Ներկա օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում.

Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշված է նախագծում:

Նախագծի համաձայն՝ ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։

Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը ղեկավարելու է  վարչապետը: