Այս դեպքում ստանալու ենք «Ակադեմիական քաղաք»-ուրվական, ասֆալտապատ փողոցներ,  շենքեր, բայց ոչ բովանդակություն. փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` ըստ  հավելվածի  նշված է որոշման մեջ։ Կազմի վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, իսկապե՞ս ներգրավված են մարդիկ, որոնք պետք է լինեին այդ կազմում։

– Ո՛չ իհարկե, որովհետև «Ակադեմիական քաղաքի» առաջին շահառուն պետք է լինի ակադեմիական հանրությունը ու առաջին հերթին՝ ուսանողությունը։ Որտե՛ղ են Հայաստանի ակադեմիական ու ուսանողական հանրույթի ներկայացուցիչները, չէ՞ որ վերջնական շահառուն հենց նրանք են։ 

Եթե նույնիսկ այդ գաղափարն իրականություն դառնա, այս երկու հանրույթի ներկայացուցիչները պետք է դառնան որոշում կայացնողների հիմնական մասը, այսինքն՝ որոշում կայացնողների մեջ կազմեն մեծամասնություն, ցավոք սրտի, այս հոգաբարձուների խորհրդում նրանք ներկայացված են զրո ձայնով։ 

Ստացվում է, որ կառավարությունն ինչ որոշում՝ դա էլ անում է, որովհետև այնտեղ ներգրավված են կառավարության անդամներ, հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու իմաստը ո՞րն էր, կառավարությունում միանգամից որոշումները կընդունեին, ու ամեն ինչ դրանով կվերջանար։ Ո՞վ պետք է այդ ամբողջը քննարկի, իր մասնագիտական կարծիքը տա և այլն։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հիմնական շահառուները ներգրավված չեն։

– Որովհետև նրանք չեն մտածում այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք ներգրավված են, այսինքն՝ նախապես արդեն մտածված է, թե ինչ պիտի լինի, ինչպես պիտի լինի, ու այստեղ, ըստ էության, մարդիկ են ներգրավված, որոնք հոժարակամ ասելու են՝ այո՛, դա այդպես է, ու անցնեն գործի, եթե ամեն դեպքում այդ քաղաքն իրականություն դառնա։

– Պարո՛ն Մխիթարյան, ինչո՞ւ եք թերահավատ, որ այն իրականություն կդառնա։

– Ոչ միայն ես եմ թերահավատ, այլ նաև ակադեմիական հասարակության ներկայացուցիչները, նրանք վստահ չեն, որ այդ ծրագիրն ի վերջո իրականություն կդառնա ու հատկապես այսօր գործող կառավարության օրոք, որովհետև այդ մարդիկ շատ հեռու են այն գաղափարից, որը դրված է այս ամենի հիմքում։ 

Հիմք ընդունելով նրանց հայտարարությունները՝ կարող եմ ասել, որ նրանք դա պատկերացնում են շենքեր, ինչ-որ ենթակառուցվածքներ, բայց ո՛չ բովանդակություն, մինչդեռ ամենակարևորը բովանդակությունն է ու միջավայրը, որը պետք է ապահովեին հենց ակադեմիական հանրության ներկայացուցիչները, ուսանողները, օտարերկրացի գիտնականները, բայց նրանք չկան, իսկ այս դեպքում մենք ստանալու ենք «Ակադեմիական քաղաք»-ուրվական, որտեղ կարող են լինել ասֆալտապատ փողոցներ, որոշ շենքեր, բայց ո՛չ բովանդակություն։ 

– Եթե այս տեսքով «Ակադեմիական քաղաքը» կյանքի կոչվի, կրթության որակի մասով մենք արդյունք չե՞նք ունենա։

– Այս պահին վերջնական եզրակացություններ չեմ անի, որովհետև մտածում եմ, որ գուցե սրան արդեն հետևեն այդ խորհրդի նիստերը, ընդունվեն որոշումներ, որոնցում ամեն դեպքում ինչ-որ բովանդակություն երևի կլինի, բայց այս պահին ունեցածով կարող եմ ասել, որ սա լինելու է ուղղակի չիրագործվող գաղափար: 

Ցավոք սրտի, նման քաղաք ունենալու լավ գաղափարը՝ Հայաստանում գոնե մեկ շատ բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ունենալու, ևս արժեզրկվելու է այս դեպքում, որովհետև հոգաբարձուների խորհրդում նույնիսկ մեկ գիտնական ընդգրկված չէ: 

Կարելի էր ներգրավել նաև սփյուռքի գիտնականներից, երիտասարդ գիտնականներ, արտերկրում ուսում ստացած երիտասարդների, որոնք որոշ առումով բովանդակության մասին կխոսեին, ցավոք սրտի, մենք ունենք այն, ինչ ունենք, ինչպես միշտ, այսինքն՝ ունենք շոու, բայց ո՛չ էություն, ո՛չ բովանդակություն։ 

– Կառավարության ներկայացուցիչներից քանի՞ անձ պետք է ներգրավված լիներ, որ բովանդակությունը չտուժեր։

– Ամեն դեպքում, մեծամասնությունը պետք է լինեին ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ, գիտնականներ, օրինակ՝ որտե՞ղ է Գիտությունների ազգային ակադեմիան, ներկայացված չէ, որը կարող էր լինել այդ «Ակադեմիական քաղաքի» մոդելը։ 

– Պարո՛ն Մխիթարյան, եթե ակադեմիական հանրությունը այս կազմի վերաբերյալ դժգոհություններն արտահայտի, հնարավո՞ր է, որ փոփոխություն լինի այդ կազմի մեջ։

– Չեմ կարծում, գոնե այդ խորհուրդը հասկանա, որ անհրաժեշտ է նաև խորհրդակցել կամ երկխոսել ակադեմիական հանրույթի հետ, օրինակ՝ հանդիպումներ ունենալ գիտնականների հետ, գնալ ԳԱԱ ու հարցնել՝ ի՞նչ եք մտածում նման բան ունենալու հետ կապված: Գոնե սա՛ պետք է անեն, այլապես ունենալու ենք ամայի մի տարածքում կառուցվող շենք, այսինքն՝ «Ակադեմիական քաղաք»-ուրվական, ու դրանով Հայաստանը կգրավի աշխարհում առաջին տեղը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am