Հայ-ադրբեջանական և ԼՂ սահմանին շարունակվող ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են հայ խաղաղ բնակիչներին․ HRW-ի զեկույցը

2020 թվականի հրադադարը, որը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա պատերազմին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում, հիմնականում պահպանվել է, սակայն հետպատերազմյան շրջանում գրանցված պարբերական փոխհրաձգություններն առաջնագծում փխրուն իրավիճակ են ստեղծել: Այս մասին ասված է Human rights watch (HRW) կազմակերպության հրապարակած զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հիմնականում հայկական կողմում բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանը։ Զեկույցում հիշատակվում է, որ ռուս խաղաղապահները հայտնել են հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի կրակոցներից Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի սպանության մասին, երբ վերջինս հողագործությամբ էր զբաղված։ Կազմակերպությունը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների անկախ մոնիթորինգի բացակայության պայմաններում չկան միջսահմանային կրակոցներից և այլ անապահովություններից բխող խնդիրները լուծելու մեխանիզմներ:

Ադրբեջանում շարունակում են կալանքի տակ պահել և տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտել ազգությամբ հայ կալանավորների։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից գերեվարության ընթացքում կամ կալանավայրերում:

Անդրադառնալով ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին՝ նշվում է, որ էթնիկ հայկական ուժերի պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հիմնականում թուլացավ հունիսյան արտահերթ ընտրություններից հետո, ինչը հանգեցրեց իշխող կուսակցության վճռական հաղթանակին և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Միջազգային դիտորդները գտել են, որ քվեարկությունը եղել է մրցակցային և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ՀՀ իշխանությունները, ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ, կանոնակարգեր են մտցրել, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը:

Աբյուր՝ Factor.am