Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

«ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Տեղեկացնում ենք, որ Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են տեղում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-մասնավորապես նշվում է հայտարարության մեջ: