Դավիթ Բեկ փողոցում մեր մեքենան կանգնեցրեց մի մարդ, ասաց՝ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը. Թաղապետը պատմել է՝ ինչպես է վիրավորին հասցրել հիվանդանոց

Կեսգիշերն անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։ Այդ մասին հաղորդել է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։

Այդ կապակցությամբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով.

«Shamshyan .com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք:

Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:

Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»: