«Գիտեմ, որ զոհվել է, բայց միշտ սպասում եմ իրա զանգին, գալուն»․ երբևէ չսիրած սև գույնը և վիշտը դարձել են Լուսինեի ուղեկիցը որդու կորստից հետո

58-ամյա Լուսինե Սարգսյանը հագուստի գույների մեջ սևը երբեք չի սիրել, սակայն որդու զոհվելուց հետո միայն այդ գույնն է կրում։ Ասում է՝ օրերն անցկացնում է արցունքով, տառապանքով, խոր վշտով և թաքուն երազանքով, որ որդին գալու է։

«Գիտեմ, որ զոհվել է, բայց միշտ սպասում եմ իրա զանգին, իրա գալուն, էս դիմանալու բան չի»,- հուզմունքով ասում է մայրը։

Լուսինեի որդին՝ 19-ամյա Աշոտ Խոմով Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աշոտը հակառակորդի դեմ թեժ մարտեր է մղել Ջրականում, Կարմիր շուկայում, Հադրութում և Ֆիզուլիում, որտեղ զոհվել է հոկտեմբերի 23-ին:

Մայրը հպարտությամբ պատմում է, որ որդին Ջրակակում 4 օր իր դիրքերը լավ պահպանելուց հետո զրահատեխնիկա է պայթեցրել և ԱԹՍ-ի հարվածել։

«Աշոտին մարտի դաշտում լեյտենանտի կոչում եմ տվել»,- ասում է մայրը։ 

Լուսինեն տղայի հետ վերջին անգամ խոսել է զոհվելու օրը՝ հոկտեմբերի 23-ին։ Մայրն ասում է՝ որդին զանգել էր, որ հրաժեշտ տա, քանի որ հասկացել է, որ այլևս տուն չի վերադառնա:

«Երկար խոսեցինք, կրակում էին, ասում էի՝ ի՞նչ վիճակ ա, ասում էր՝ մերոնք են, մի վախեցի… Զգացի՝ բան ա ուզում ասի, ասեցի՝ ասա, ասեց՝ է՛հ, չէ՛, ասեցի՝ եթե չես կարում, զանգի ախպորդ ասա։

Զանգել, ախպորն ասել էր՝ էլ չեմ գալու, մամայիս լավ կնայեք»,- պատմում է մայրն ու նշում, որ որդուն հրաման էին տվել՝ գնալ, հենակետերը ստուգել։ 

«Տղես ասել էր՝ ես գնալու եմ, ինձ խփելու են, թող մութն ընկնի, նոր գնամ։ Հրամանատարն ասել էր՝ չէ։ Իրանք 200 հոգով շրջափակման մեջ են եղել, Աշոտը գնացել ա հրամանը կատարելու, սնայպերը իրան խփել ա»,- ցավով պատմում է մայրը որդու զինակից ընկերների հայտնած տեղեկությունը։

Լուսինեն ասում է, որ նույն օրն էլ ընտանիքի անդամներն ու հարազատներն իմացել են դեպքի մասին, սակայն չեն համարձակվել իրեն ասել։

«Ինձ հաջորդ օրն ասեցին, երբ բերեցին եկեղեցի։ Ռիսկ չէին անում ասեին, մտածում էին՝ չեմ դիմանա, բայց չգիտեմ խի, դիմացել եմ ու ապրում եմ»,- ասում է ու արտասվում մայրը։

Որդու մասին պատմելիս մայրն ասում է՝ տղան զուսպ էր, քչախոս, ինքնամփոփ ու չափված-ձևված։

Զբաղվել է սպորտով, կարատեի բազմաթիվ մրցումների է մասնակցել և պատվոգրերի ու մեդալների արժանացել։ Մինչև բանակն գնալն էր առևտրով է զբաղվել, կանաչեղեն է վաճառել ու գումար վաստակել։ Մայրն ասում է՝ որոշել էր բանակից գար ու բիզնեսը զարգացներ։

«Ինքը քրոջս տղայի հետ առևտուր էր անում, լավ վաստակում էր, իրա երազանքն էր՝ գար, շարունակեր բիզնեսն ու տուն առներ»,- պատմում է մայրը։

Լուսինեն ասում է՝ ևս երկու որդի ունի, բայց Աշոտի տեղը որևէ մեկը չի լրացնում: «Ես իմ Աշոտին եմ ուզում»,- ասում է ու կրկին հուզվում որդեկորույս մայրը։

Աշոտ Խոմով Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am