Լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 195 հազար դոլար

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի հստակեցվեն Լիբանանի հայ համայնքի կարիքները:

«Միգուցե, կրթական ոլորտին կփորձենք ուղղել մեր գումարները, բայց վերջնական եզրակացության կգանք մի քանի օրվա ընթացքում»,- նշեց Հայկակ Արշամյանը: