«Չեմ կարծում, թե Սեդա Սաֆարյանը ձգում է ՍԴ դատավորի նշաձողին. ընդհանրապես, ուրիշ պատկերացումներ ունեի ՍԴ դատավորի մասին». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական համակարգում նոր կադրերի ընտրությունը: Գործող իշխանությանը մշտապես մեղադրել են սխալ կադրային քաղաքականություն վարելու համար, այս կադրերի ընտրությունը ճի՞շտ եք համարում:

– Շատ տեսանելի է, որ, օրինակ՝ գլխավոր դատախազի նշանակումը. թեկնածուն եղել է վարչապետի անմիջական օգնականը, հասկանալի է, որ ջերմ հարաբերություններ կան, իսկ այդ հարաբերությունները միշտ խանգարում են օբյեկտիվ լինելուն: Չեմ բացառում, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է գլխավոր դատախազն օբյեկտիվություն դրսևորի, եթե ինչ-որ պատմություն լինի վարչապետի կամ նրա թիմի հետ կապված: Դեմ չեմ, որ գլխավոր դատախազը կին է, բայց թող իսկապես օրենքին ծառայեն: Բոլորը ոգևորված են, որ առաջին անգամ Հայաստանում այդ պաշտոնը կին է զբաղեցնում, ու դրանով ծածկել են Հայաստանում դատախազության այն ծանր վիճակը, որը նման է սովետական դատախազության աշխատանքին:

Աննա Վարդապետյանն արդյոք կարո՞ղ է այդ իրավիճակը փոխել՝ չեմ կարող հաստատ ասել, հատկապես որ նա պրակտիկ իրավաբանի փորձ չունի, դատախազական համակարգում էլ չի աշխատել, վարչապետի աշխատակազմում, չեմ կարծում, որ այդքան պրակտիկ հնարավորություններ է ունեցել:

Վարչապետը պետք նշանակեր մի մարդու, որը կփոխեր դատախազական համակարգը, սարսափելի վիճակում գտնվող այդ համակարգը: Քրեական գործերը կոծկվում են դատախազության հովանու ներքո, միշտ աշխատում ենք դատախազության հետ, ու այդ ծանրությունը ես լավ գիտեմ: Մի խոսքով՝ վերանալով Աննա Վարդապետյանի անձից՝ քիչ հավանական եմ համարում, որ նա կկարողանա փոխել այդ իրավիճակն ու գլուխ կհանի այդ համակարգից:

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման ընտրություն կատարում, չկա՞ն ավելի փորձառու կադրեր, թե՞ նրանց նկատմամբ վստահություն չունի:

– Կադրային փնտրտուքներ չի անում, իր կողքի մարդկանցից է ընտրում, իրեն վստահելի ու նվիրված անձանց, իսկ Աննա Վարդապետյանը նվիրված է վարչապետին:

– Այսինքն՝ մասնագիտական կարողությունները ստորադասում է հավատարմությա՞նը, տիկի՛ն Ալեքսանյան:

– Մասնագիտական կարողությունների մասին դատողություններ չեմ ուզում անել, միայն մի բան գիտեմ, որ նա պրակտիկ աշխատանքային փորձ չունի, իսկ փորձը շատ կարևոր է:

– Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Սեդա Սաֆարյանին: Սաֆարյանի նշանակմանն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Նույնը: Նույն մերձակա միջավայրից է, շատ չեն հեռանում կադրեր փնտրելիս: Սեդա Սաֆարյանը քրեական իրավունքի գիտելիքներ ունեցող փաստաբան է, բայց չեմ կարծում, թե ձգում է ՍԴ դատավորի նշաձողին: Ես ընդհանրապես ուրիշ պատկերացումներ ունեի ՍԴ դատավորի մասին, դա բարձր դատարան է, հասկանո՞ւմ եք, այնտեղ պետք է օրինակելի, բարձր գիտելիքներով թեկնածուներ լինեն, ՍԴ-ն դատական համակարգի օրինակն է: Երբ մենք տեսնում ենք ՍԴ դատավորի թեկնածուներին, մեր մեջ պետք է բարեփոխումների հույս առաջանա:

Եթե դատաիրավական համակարգում առաջնորդվում են մերձակա միջավայրով՝ բարեփոխումների նպատակ չկա, եթե ուզում ենք համակարգը բարեփոխել՝ պետք է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերող անձինք առաջադրվեն, ոչ թե՝ ծանոթ-բարեկամներ: Այս իրավիճակը ինձ համար տխուր է:

Տիկի՛ն Ալեքսանյան, ստացվում է, որ շարունակվում է արդեն ընդունված ձեռագի՞րը, այսինքն՝ պաշտոնների նշանակել յուրայիններին:

– Դե, գուցե մի փոքր տարբերություն կա, բայց, ընդհանուր առմամբ, կհամաձայնեմ: Նմանօրինակ նշանակումներից երևում է, որ համակարգային փոփոխություն չի լինելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am