«ՀՀ քաղաքացիները ակնկալում են Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունը». Փոստանջյանի պահանջագիրը` Պուտինին

«ՀՀ քաղաքացիները ակնկալում են Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունը». Փոստանջյանի պահանջագիրը` Պուտինին
«ՀՀ քաղաքացիները ակնկալում են Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունը». Փոստանջյանի պահանջագիրը` Պուտինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Պատճենը՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ՝ Յուրի Յակովլևի Չայկային  Պահանջ Հարգելի պարոն Պուտին, Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեցամսական փոքրիկի կենաց […]

Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին,

Պատճենը՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ՝ Յուրի Յակովլևի Չայկային 

Պահանջ

Հարգելի պարոն Պուտին,

Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեցամսական փոքրիկի կենաց և մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով:

Հայաստանի քաղաքացիները գիտակից ըմբռնումով են մոտենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ստեղծված աննախադեպ դժվարին քաղաքական և տնտեսական իրավիճակին: Սակայն այդ պայմանները չեն արդարացնում Ձեր երկարատև լռությունը և անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը:

Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը:

1992 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ-ի Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին»: Այդ ժամանակ Հայաստանը՝ իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետական սահմանի թուրքական և իրանական հատվածների պաշտպանությունը փոխանցեց ռուս սահմանապահներին:

1995 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին աննախադեպ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, և այդ պայամանագիրը վերջերս երկարացվել է ևս 49 տարով:

Վերոհիշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելուց, վերջացրած՝ Գյումրիի ողբերգությամբ):

Միջպետական հարաբերություններում և պրակտիկայում ընդունված է բացարձակ այլ վարք այն ողբերգության պայմաններում, որը տեղի ունեցավ Գյումրիում, երբ ըստ նախնական վարկածի՝ ռուսական ռազմաբազայի ծառայողը ներթափանցել է հայ ընտանիքի տուն, գազանաբար սպանել վեց մարդ, մահացու վիրավորել վեց ամսական երեխայի, և որտեղ, բնականաբար, հանրությունը հատկապես ուշադիր հետևում է միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը:

Տուժած ընտանիքին և հայ ժողովրդին Ձեր անունից հղած ցավակցության ուշացած խոսքերը չմեղմեցին մեր վիշտը, իսկ Ձեր հայտարարությունը, որ «բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենակարճ ժամկետներում և մեղավորները կպատժվեն ըստ օրենքի» վստահություն չի ներշնչում: Սա պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների ձեռքով Հայաստանի Հանրապետության սահմանը խախտողի փոխանցումը 102 ռազմաբազայի հրամանատարին խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ու «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և  «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի  մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Պայմանագրերը:

Ստեղծված իրավիճակում՝ խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր