Քաղաքապետարան. արևելյան մարտարվեստների աղբանոցը

Քաղաքապետարան. արևելյան մարտարվեստների աղբանոցը
Քաղաքապետարան. արևելյան մարտարվեստների աղբանոցը

Քաղաքապետարանում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Ապտակել են կնոջը, մազերից քաշքշելով դուրս են արել։ Հանրապետական մի քանի տղամարդ ուզում էր մի ընդդիմադիր կնոջ հախից գալ։ Եվ ի՞նչ։ Կնոջը ծեծել չի՞ կարելի։ Սա հումոր չէ։ Գոհություն բարձրացնենք առ Աստված, որ տեղում չեն սպանել։ Թեպետ ո՞վ ասեց, որ դա էլ չի կարելի։ Եթե դեռ չեն սպանել, չի նշանակում, որ չեն սպանի։

Այսօր ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցությունը փորձեց դժոխք դարձնել ՀՀԿ-ական ավագանու և անձամբ քաղաքապետի կյանքը։ Խմբակցությունն իր հետ ավագանու նիստին շշերով Նուբարաշենի կոյուղաջրերից էր բերել, որպեսզի ցույց տար այդ համայնքում քաղաքապետարանի անգործությունը։ Այդ կոյուղաջրերը հոսում են համայնքի փողոցներով և դժոխք են դարձրել նուբարաշենցիների կյանքը։ Նիստի ընթացքում «ծիրանիները» բացեցին ապակյա տարաները, փորձեցին դրանցից դուրս եկող գարշահոտությունը հասցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հրաշալի էր մտահղացված։ Բայց ՀՀԿ-ի մեջ արթնացրեց գազանին։ Գազանը հարձակվեց ընդդիմադիր կանանց վրա։

Ցանկացած հանրապետականի մեջ մարդասպանի անդիմադրելի բնազդ կա` Գոռ Վարդանյանը կվկայի։ Ապտակը, մազերից քաշքշելը դիմադրելու քաղաքակրթական ջանքն է։ Հիշու՞մ եք՝ Բերանն արնոտ Մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դառավ Մարդասպան։

Նույնիսկ Լևոն Իգիթյանի և Մարտին Վարդազարյանի մեջ է նստած էդ բնազդը։ Մեկը հայհոյում է կնոջը, մյուսն ասում է՝ եթե լրագրողները խանգարում են, նրանց կարելի է ծեծել։ Սա ասում է կոմպոզիտորը, որը տեսել է, թե ինչպես են լրագրողները նկարահանում կնոջ հանդեպ ՀՀԿ-ականների բռնության տեսարանները։

Բայց մենք ի գիտություն ենք ընդունում՝ Մարտին Վարդազարյանն ընտանիք է պահում։ Եվ նա իր ընտանիքը պահում է իրեն հայտնի «ինտելեկտուալ» ճանապարհով։ Նա լավ գիտի մյուս հանրապետականներին, ոչ մեկի գլխում մի լումայի խելք չկա, ինքը չպետք է աչքի ընկնի հակառակով, անմիջապես կզրկեն մի կտոր հացից։ Ինքնապահպանման բնական բնազդն է՝ եթե չես կարող սպանել` հաշտվի՛ր ստրկությանդ հետ։

Տարոն Մարգարյանի խուճապը ամենահանրապետական խուճապ է։ «Դեմն առեք, դեմն առեք»` իր վրա եկող կանանց տեսնելով բղավում է այս մարդը։ Թվում է՝ պետության ներկայացուցիչ է, իր վրա մարդիկ են գալիս, ինքը ահաբեկչության հոտ է առել։ Պետք է միջոցներ ձեռք առնվեն։ Այո։ Բայց Հայաստանում ո՞վ որտեղ է պետություն տեսնում։ Պետությունը սկսվում է քվեից և իրավունքներից։ Նույնիսկ եթե պետական ամբողջ ապարատը անգրագետ է։ Կամ՝ մարդասպան։ Եթե օրենքն աշխատեր, Նուբարաշենի կոյուղաջրերով զինված կանայք չէին վազի դեպի Տարոն Մարգարյանը։

Այն, ինչ տեղի է ունեցել, անխուսափելիորեն պետք է տեղի ունենար, Գոռ Վարդանյանը պետք է փայլեր կարատեիստի իր բազուկներով, մյուսները պետք է ծեծեին կանանց կամ քաշեին նրանց մազերից։ Ես չեմ զարմանում։ Ոչինչ տեղի չի ունեցել պետական անբարոյականության տեսանկյունից։ Էլի է լինելու։ Ու ոչ մեկը պատասխան չի տալու կանանց հանդեպ այդ վերաբերմունքի համար։ Որովհետև պատասխան են տալիս, երբ այլ բան էին սպասում, բայց այլ բան տեղի ունեցավ։ Իսկ այսպես՝ տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ Ճակատագիր են այս մարդիկ, ոչ թե պետական գործիչներ։ Էս մարդիկ կոչումով են ստրուկներ։ Եվ մի՛ մտածեք, թե Հայաստանի Հանրապետությունն այնքան հպարտ է հնչում, որ լսելիս սատանան պետք է սուրբ ջրից դուրս թռներ։ Այս մարդիկ անբարոյական չեն։ Որովհետև նրանք արդեն այնքան շատ են, այնքան ամենուրեք են, այնքան «քվեավորված» են, որ հարց է, թե մեզանից ո՛վ է անբարոյականը։

Ինչպե՞ս վարվել նրանց հետ։

Կանայք կրկին մասնակցելու են ավագանու նիստերին, կրկին մի «ֆլեշմոբ» են հղանալու ու ընկնեն նույն կամ գուցե ավելի դաժան պատմության մեջ։ Հրաժարականներ չեն հետևելու։ Հանցագործություններն արդեն անհատ առ անհատ չեն իրականացնում, արդեն ամբողջ կուսակցությունով են լծվել հրապարակային հանցագործություններին։ Իսկ մի ամբողջ կուսակցություն ո՞նց հրաժարական ներկայացնի, առավելևս` ինչպե՞ս հրաժարվի իր բնական կերպարից, եթե դիմացը ոչ թե պետություն է, այլ՝ իր խնամքով ստեղծած աղբանոց։ Նրանք արդեն բաց տեքստով են մեզ ասում՝ գտե՛ք ձեր տեղն էս կյանքում, բայց մեր հացից հեռո՛ւ մնացեք։ Եթե անկեղծ` մի քիչ հաճելի չէ մարդուն սոված պատկերացնելը։ Ինչի էլ նա ընդունակ լինի։ Իհարկե, դրա գինը մյուսների սոված մնալն է, որոնց կյանքն ընկած է 10 հազար դրամ և գերեզմանոցի համար տեղ մուրալու միջև։

Մհեր Արշակյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=Md52DfrZANY