Սպիտակ ճագարի քաղաքական հայացքները. ի՞նչ է խոստանում 2011 թվականը Հայաստանի քաղաքական վերնախավին

Սպիտակ ճագարի քաղաքական հայացքները. ի՞նչ է խոստանում 2011 թվականը Հայաստանի քաղաքական վերնախավին
Սպիտակ ճագարի քաղաքական հայացքները. ի՞նչ է խոստանում 2011 թվականը Հայաստանի քաղաքական վերնախավին

Ըստ աստղագուշակների օրացույցի` գալիք տարին Սպիտակ ճագարի կամ Կատվի տարի է: Այն ընդհանուր առմամբ խոստանում է հանգիստ կյանք: Սպիտակ ճագարը հյուրասեր է, ուստի աստղերը խորհուրդ են տալիս հաճախ հանդիպել ընկերներին և բարեկամներին: Հաջողությունը կուղեկցի գթությանն ու արժանապատվորեն ուղղված բոլոր մղումներին:
Սպիտակ ճագարը նորություններ է խոստանում նաև Հայաստանի քաղաքական գործիչներին:
Խեցգետնի համաստեղության տակ ծնված ՀՀ նախագահին աստղերը Նապաստակի տարում բարձունքներ են խոստանում գործնական, անձնական և հոգեւոր ոլորտներում: Սակայն, ըստ հորոսկոպի, եթե Խեցգետին Սերժ Սարգսյանը առաջնային համարի սեփական ցանկությունները և հաշվի չնստի կյանքի իրականության հետ, ապա կարող է կորուստներ և հիասթափություն ունենալ:

Ռոբերտ Քոչարյանին աստղերը խոստանում են բուռն, գործնական տարի` կախված նրա գործելաոճից և ձգտումներից: Կույսի համաստեղության տակ ծնված երկրորդ նախագահը, որի` քաղաքականություն վերադառնալու հավանականության շուրջ խոսակցություններն արդեն երկար ժամանակ շարունակվում են, աստղերը խորհուրդ են տալիս զգուշանալ այն բոլոր մարդկանցից, ովքեր կփորձեն օգտվել իր ստեղծած բարիքներից: Նապաստակի տարվա ամռանը վտանգ կա, որ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն ընկերների հետ կվատթարանան` ընդհուպ մինչև խզում:

Նապաստակի տարին առաջին նախագահ և ներկայիս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի կենդանակերպի նշանն Այծեղջյուրն է, նախկին շրջանի ավարտ ու կյանքի նոր փուլի սկիզբ է խոստանում: Աստղերը հուշում են, որ Տեր-Պետրոսյանի կյանքի նոր փուլը նա կարող է ուրվագծել արդեն հիմա, քանի որ շատ բան կախված կլինի նրա նախնական որոշումներից: Աստղերը խորհուրդ են տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին «հույսը դնել միայն իր վրա»:

Կենդանակերպի նշանով Ջրհոս վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աստղերը խոստանում են նորանոր ձեռքբերումներ, սակայն ոչ թե նյութական, այլ տեղեկատվական: Ջրհոսները Նապաստակի տարում անընդհատ լարված մտավոր գործունեությամբ կզբաղվեն, ինչն էլ կլինի «հաջողության միակ երաշխիքը»: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս, չլինել այդքան փակ և «բացել մարդկանց առաջ իրենց սրտերը»:

Աղեղնավոր Գագիկ Ծառուկյանին գալիք տարվա հովանավոր Նապաստակը «հոգևոր վերելքներ և ներշնչանք» է խոստանում: Աստղերը հուշում են պարոն Ծառուկյանին, որ գործնական հաջողությունների հասնելու համար հարկավոր է աշխատել սեփական անձի զարգացման ուղղությամբ` խորհուրդ տալով լինել ավելի զգայուն և հարկ եղած դեպքում կարողանալ օգնություն խնդրել շրջապատում գտնվող բարի մարդկանցից:

Առյուծի համաստեղության հովանու ներքո ծնված Վահան Հովհաննիսյանին աստղերը Ճագարի կամ Կատվի տարվա ընթացքում հաջողություն են խոստանում: Այս տարի Վահան Հովհաննիսյանը կարող է համարձակ նախագծեր մտածել ոչ միայն իր, այլ նաև իր կուսակից ընկերների համար: Նրա մտքերը կիրականանան: Այդուհանդերձ, ինչ էլ որ կատարվի, Առյուծների համար տարին «բավական ձանձրալի կլինի»:

Կարիճի համաստեղության տակ ծնված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին աստղերը զգուշացնում են, որ գալիք տարվա ընթացքում որոշակի դժվարություններ են սպասում, քանի որ այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները «հոգով ընդվզող են»: Սակայն եթե Կարիճները համբերատար և կարգապահ լինեն, հաջողությունը նրանց նույնպես կժպտա:

Նույն` Կարիճի համաստեղության տակ է ծնվել նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս նշանի տակ ծնվածների համար Նապաստակի տարին հեշտ չի լինի: Աստղերը ֆինանսական առումով նրանց վատ տարի են խոստանում:

«Փողերը մեկ կգան, մեկ էլ ասես կանհետանան, այն էլ անիմաստ հարցերի պատճառով»,- հուշում են աստղերը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am