Նորաբակում ու Վերին Շորժայում այս պահին էլ շարունակվում են կրակոցները, օգտագործվում են տարբեր զինատեսակներ. Հակոբ Ավետյան

«Կրակոցներն այս պահին էլ շարունակվում են ու չգիտեմ, թե երբ են ավարտվելու: Շատ անհանգիստ վիճակ է», – «Մեդիալաբին» ասաց  Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք վիրավոր:

«Այսօր կեսօրվա ժամերից սկսել են կրակել Վերին Շորժայի հատվածում, իսկ ավելի ուշ՝ նաև Նորաբակի հատվածում: Այս պահին էլ երկու ուղղությամբ շարունակվում են կրակոցները:

Կիրառում են նաև հրետանի, իսկ ԱԹՍ-ների մասին իմացել եմ ՊՆ-ի հաղորդագրությունից, վստահ չեմ կարող ասել, օգտագործվում են տարբեր զինատեսակներ»,- ասում է Հակոբ Ավետյանը:

Ավետյանը նաև հստակ տեղեկություն չունի հայկական կողմից վիրավորների թվաքանակի մասին, սակայն նշեց, որ վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ են շրջանառվում:

«Վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ կան, բայց չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև հնարավոր է, որ ճիշտ չլինի ու, տա Աստված, որ ճիշտ չլինի»,- եզրափակեց Ավետյանը:

Ավետյանի խոսքով՝ թշնամին կրակում է միայն սահմանում, գյուղերն այս պահին թիրախում չեն:

Քրիստինե Աղաբեկյան   

MediaLab.am