«92 թվականի ազատագրական պատերազմի ժամանակ անհնարինը դարձավ հնարավոր, մենք հավատում ենք մեր զինվորի ուժին»․ Լիանա Ադամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Artsakh voice metters նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը

– Տիկի՛ն Ադամյան, դուք Արցախից եք, էս պահին ի՞նչ զգացումներ ունեք։

– Ես բոլորի անունից կարող եմ ասել, որ մեր կյանքը կանգ է առել սեպտեմբերի 27-ին։ Դա բոլորիս ապրումներն են։

Մնացել ենք այդ ժամանակում, ու ամեն օր գույները ավելի են խտանում, մգանում, որովհետև կորուստների շրջանակը շատ ավելի է սեղմվում։ Իսկ առանց Արցախի ապրելու գաղափարը մեզ համար սպանիչ է, չենք էլ պատկերացնում։

Ամեն օր թիկունքում մեր աշխատանքն ուղղված է նրան, որ օր առաջ վերադառնանք Արցախ, մեր տները։

Չգիտեմ՝ ինչպես կընկալվի հիմա ասածս, բայց նույնիսկ մայրիկներ կան, որ ասում են՝ իրենք պատրաստ են երեխային թողնել մանկատանը, գնալ շենացնել մեր Արցախը։

Մարդիկ հավատում են, և համոզված եմ, որ գնալու են, որովհետև 92 թվականի ազատագրական պատերազմի ժամանակ անհնարինը դարձավ հնարավոր։ Հիմա էլ հավատում ենք դրան, մենք հավատում ենք մեր զինվորի ուժին։

– Դուք պատերազմի ընթացքում թիկունքում ստեղծեցիք մի կազմակերպություն, որը ․․․

– Չէ, կազմակերպություն չէ, այլ՝ նախաձեռնող խումբ՝ Artsakh voice metters անվանումով։ Երբ պատերազմը 10 օր և ավելի շարունակվում էր, Հայաստանում ապաստան գտած մայրերից մեկը՝ Նոնա Պողոսյանը, Իրինա Սաֆարյանին առաջարկեց մի ցույց էլ կազմակերպեն Արցախից տեղափոխվածները, քանի որ այստեղ արդեն տարբեր կազմակերպություններ ցույցեր էին անցկացնում կազմակերպությունների գրասենյակների մոտ։

Ես ակցիային գնացել եմ որպես լրագրող, իսկ Սիրանը եկել էր իր լքված գյուղի ճակատագիրը ներկայացնելու։

Եվ այնպես ստացվեց, որ կեսից մենք սկսեցինք նախաձեռնությունն առաջ տանել, որովհետև շատերը հուսալքվեցին ընթացքում, հոգնած էին, սթրեսի մեջ։ Եվ ակամայից այնպես ստացվեց, որ արդյունքում ձևավորվեց խումբ։

– Ինքնաբուխ է եղել․․․

– Այո՛, միանգամայն ինքնաբուխ շարժում է։ Ոչ մի քաղաքական աջակցություն չունի, ոչ մի տեղից ընդհանրապես աջակցություն չունի, սա նույնիսկ ՀԿ չէ, գրանցված չէ։ Մենք ուղղակի օնլայն աշխատում ենք, կազմակերպվում ու գալիս ցույցերի։ Մենք նույնիսկ գրասենյակ չունենք։ 

– Դուք հիմնականում դեսպանատների, միջազգային կառույցների մոտ եք ակցիաներն անում։ Ինչպե՞ս են ձեզ ընդունում, ընկալո՞ւմ են ձեր պահանջները։

– Աշխարհը մնաց լուռ և լուռ էր միշտ, երբ մեզ ինչ-որ ծրագրերում մերժում էին՝ ասելով՝ դու Արցախի քաղաքացի ես։

Արցախցին տուն ու տեղ է թողել, զոհ ունի և նույնիսկ չի կարողանում իր զոհին հուղարկավորել, իր տունն են վառում, մասսայական ոչնչացման զենք են կիրառում իր քաղաքի վրա, ու աշխարհը չի արձագանքում և ավելին՝ միջազգային որևէ կառույցի ներկայացուցիչ չի գալիս Արցախ՝ արձանագրելու՝ ինչ է կատարվում։

Իսկ եթե գան, արձանագրեն, ապա շատ ավելի մեծ հանցագործությունների մասին են փաստելու։ Այս քաղաքականությունը, որ ամեն ինչ սահմանափակվում է Հայաստանի սահմաններով, այլևս հանդուրժելի չէ։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղության ժամանակ մենք համահայկական ջանքերով կառուցում էինք Արցախը, և հիմա Արցախը դարձել է պատերազմական գործողությունների թատերաբեմ, ու ոչ մի կառույց չի ցանկանում գալ այստեղ՝ բացի մի քանի կազմակերպություններից։

Բոլոր կառույցներում, որտեղ եղել ենք, մեզ ասել են՝ թող Հայաստանի կառավարությունը դիմի, մենք հումանիտար օգնություն կտրամադրենք։ Մենք էլ նրանց առաջ հարց ենք բարձրացնում՝ եթե դուք՝ որպես հումանիտար կազմակերպություն, խողովակներ չունեք գալ, այստեղ տեսնել աղետը, ապա ո՞ւմ են պետք ձեր կառույցները։

Մեզ ասում են՝ ձեր ձայնը ճնշող ազդակ է, որ մեր կենտրոնական գրասենյակները տեսնեն, լսեն՝ այս մարդիկ պահանջ ունեն։ Մենք պահանջում ենք՝ պատժել ՆԱՏՕ-ի անդամ երկրին, էմբարգո կիրառել, մեզ ասում են՝ դա երկար գործընթաց է։ Մենք դա հրաշալի հասկանում ենք, բայց այսօր մենք չենք լռելու, որ մեզ լսեն․ յուրաքանչյուր ընտանիք, ամեն կին մի ողբերգություն ունի։ 

– Ձեզ համար անակնկա՞լ էր միջազգային կառույցների անտարբերությունը։

– Անտարբերությունը, լռությունը՝ ոչ, որովհետև մենք տեսել ենք, որ այս տարիներին ադրբեջանցիները երեխային ահաբեկել, սպանել, մորթել են, դիվերսիա արել են, ու այդ ամենի վրա աչք են փակել՝ գոնե ԵԱՀԿ-ի շրջանակներում մանդատ ունեցող երկրները, ի՞նչ սպասել։

Մենք բոլոր երկրներին ու կազմակերպություններին, որտեղ այցելում ենք, հանդիպումներ ունենում, ասում ենք՝ ձեր հավասարության նշանը բերել, հանգեցրել է սրան։ Ասում ենք՝ դուք ո՞ւմ եք խաղաղություն սովորեցրել, քարոզել, մե՞զ, որ հիմա կարեկցում ենք թուրք մորը, որը խաբված է իր իշխանության կողմից։

Ո՞ւմ եք խաղաղություն սովորեցնում, մե՞նք ենք գլխատում զինվորին, թե՞ մենք ենք հաշմանդամ երեխայի վրա կրակ բացում։ Մենք շատ հստակ, խիստ օրակարգով ներկայացնում ենք կատարվողը։

Մենք նրանց հստակ ասում ենք՝ եթե ձեր դիվանագիտությունը ուշանում է, մենք այլևս դիվանագիտական լեզվով խոսելու ժամանակ չունենք։ Բնականաբար նաև ասում ենք՝ ո՞ւր են այն արժեքները, որոնց դուք դավանում եք՝ մարդու իրավունքներ և այլն։

Պատերազմից հետո մենք ձեզ վրա չենք նայելու այլևս, եթե հիմա չեք աջակցում, չեք կանգնում բնաջնջվող ժողովրդի կողքին, պատերազմից հետո ո՞ւմ եք պետք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am