Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը, ես բառացի պատասխանել եմ հետեւյալը.

«ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի: Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես եւս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:

Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է, միտումնավոր, կամ գուցե ոչ, եւ ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնացելու է սեփական թեկնածուով: Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից եւ չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որեւէ մեկի խոսքը:

Հարգանքով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան