«Քարահունջի ղեկավարը գործարքի է գնացել իրավապահների հետ»․ փաստաբանը հակադարձում է՝ դա մանիպուլյացիա է

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի՝ կալանքից ազատվելուց հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Արմեն Մելքոնյանը էլ ավելի է պնդում՝ Ավետյանը համագործակցում է իրավապահների հետ և Առուշանյանի դեմ ցուցմունքներ տալիս:

«Լուսինե Ավետյանին ազատ արձակելու և Առուշ Առուշանյանին կալանավորելու միջև միանշանակ ես կապ եմ տեսնում»,- «Մեդիալաբին» ասում է Առուշանյանի փաստաբանը:

Գորիսի քաղաքապետին կալանավորելու մասին դատարանի որոշումը նրա պաշտպանը բողոքարկել է. «Վերաքննիչ բողոքը ներկայացրել եմ, սակայն դեռ հայտնի չէ՝ երբ կնշանակվի քննությունը»:

Լուսինե Ավետյանը, հիշեցնենք, կալանավորվել էր հուլիսի 8-ին: Ըստ քրեական գործի նյութերի, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջի չորս բնակիչներին 2021 թ. մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել այդ դաշինքի օգտին:

12 օր անց՝ հուլիսի 20-ին, Լուսինե Ավետյանը դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությունը խոչընդոտելու ռիսկը, և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- ներկայացնելով Ավետյանին ազատ արձակելու որոշման հիմքը՝ հայտարարել էր Գլխավոր դատախազությունը։

«Սա սովորական գործարք էր, Քարահունջի ղեկավարը գործարքի է գնացել իրավապահների հետ»,- իր հերթին կատարվածը «Մեդիալաբին» բնութագրում է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Նրա պնդմամբ՝ Առուշ Առուշանյանը որևէ մեկին ընտրակաշառք չի բաժանել, որևէ մեկին չի ուղղորդել ընտրություն կատարելու հարցում:

«Այդ կինը (նկատի ունի Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին. – հեղ.) երբ կալանավորված է եղել, առաջին օրը տվել է ցուցմունքներ և հերքել Առուշանյանի մասնակցությունը որևէ բանի: Դրանից հետո պարզ ասեմ՝ գործարք են առաջարկել՝ գրում ես իրա դեմ ու նաև առերես հարցաքննության ժամանակ պնդում, ազատվում ես: Բերեցին առերեսման ժամանակ, այդ կինը իր աղջկա դրդմամբ, որը նաև իր փաստաբանն է, հայտարարեց, որ ինքը ոչ մի բան չունի ասելու: Բայց աղջիկը հարցրեց՝ ո՞նց, բան չունե՞ս ասելու, ասա՛: Հետո այդ կինը հայտարարեց, որ ինքը պնդում է իր ցուցմունքը: Դա իր ազատության գինն էր, դրանից հետո նրա խափանման միջոցը փոխվեց:

Ես այդ ժամանակ հայտարարեցի, որ չպետք է խիղճը ծախել ու մոռանալ Աստծո գոյության մասին, ինձ նա հեգնեց, ասելով՝ երբ կին հալով հայտնվում ես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Կարիճ»-ների (նկատի ունի ազատազրկված մականունավոր կնոջը.- հեղ.) ու մյուս հանցավոր կանանց շրջապատում, այդ ժամանակ Աստծո գոյության մասին չես հիշի: Նա պարզ ասաց, թե ինքն ինչու է գնում դրան»,- առերես հարցաքննության դրվագներից մեկն է ներկայացնում փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի փաստաբան Մարգարիտա Ղազարյանը, որը նաև իր դուստրն է, ամբողջությամբ մանիպուլյատիվ է բնութագրում իր գործընկերոջ՝ Արմեն Մելքոնյանի այդ հայտարարությունները և նրան կոռեկտության կոչ է անում:

«Դա փաստաբանի կողմից մանիպուլյատիվ վարքագիծ է, և իրավապահ համակարգի հետ որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»,- հավելում է Ղազարյանը:

Այնուհետև Մելքոնյանի մատնանշած դրվագի մասին իր տարբերակն է ներկայացնում. «Բացարձակապես այդպես չի եղել: Լուսինե Ավետյանի հայտարարությունը եղել է հետևյալ բովանդակությամբ. «Այո՛, վերևում Աստված կա, և ես չպետք է հայտնվեի քրեակատարողական հիմնարկում կարիճների հետ»: Իսկ կարիճ ասելով նա նկատի է ունեցել ոչ թե մարդկանց, այլ կենդանիներին: Փաստաբանը ներկայացնում է իրեն հարմար տարբերակը, և ես պնդում եմ՝ այդ հայտարարությունները մանիպուլյատիվ են»:

Գլխավոր դատախազության հայտարարության մեջ Ավետյանին ազատ արձակելու հիմքերին Մարգարիտա Ղազարյանն ավելացնում է իր պաշտպանյալի առողջական վիճակը: «Ազատ արձակվելուց հետո հիմա էլ Լուսինե Ավետյանը ստացիոնար բուժում է ստանում»,- ասում է նա:

Մեր հարցին, թե ի՞նչ «պատշաճ վարքագծի» մասին է խոսվում Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, փաստաբան Ղազարյանն արձագանքում է. «Պատշաճ վարքագիծն այն է, որ որևէ կերպ և որևէ գործողությամբ իմ պաշտպանյալը չի փորձել խոչընդոտել գործի քննությունը և տվել է գործի հանգամանքների մասին ցուցմունք»:

Նա հակադարձում է փաստաբան գործընկերոջը և ընդգծում, որ Լուսինե Ավետյանը սկզբում ընդհանրապես ցուցմունք չի տվել և գործով որևէ փաստ չի ներկայացրել, սակայն հետո տվել է գործի հանգամանքների վերաբերյալ ցուցմունք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am