«Մարդու կյանքը պիտի լցված լինի մշակույթով, հակառակ դեպքում սթրես է». Տիկնիկային թատրոնի հերոսները վերադառնում են բացօթյա ներկայացումով

Չնայած նոր կորոնավիրուսային հիվանդությունը ամբողջությամբ չի նահանջել, սակայն մշակութային կյանքը սկսում է շունչ առնել Հայաստանում: Երևանի պետական տիկնիկային թատրոնը բացում է թատերաշրջանը՝ համաճարակային կանոնները պահպանելով: Թատրոնը պատշգամբը հարմարեցնում է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա բացօթյա ներկայացման համար:

«Կյանքը պիտի շարունակվի, մենք չգիտենք՝ ինչքան է սա տևելու, ու մենք պետք է մշտապես ինչ-որ նոր ձևեր մտածենք, որպեսզի մշակույթը լինի: Սա զուտ միայն մեր պրոբլեմը չէ, հանրությունը, որ զրկված է մշակույթից, կորցնում է մարդկային կերպարը»,- «Մեդիալաբին» ասում է տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը նշում է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, այնուհետև առաջարկով թատրոնի տնօրենների խորհուրդը դիմել է նախարարություն, նախարարությունն էլ՝ պարետատուն՝ վերսկսելու ներկայացումները:

«Առաջարկեցինք մեր պայմանները՝ ինչ ենք անելու, ինչ ենք նախատեսել, ինչպես, քանի հոգի, ինչ հեռավորության վրա, դիմակներ, ձեռքի ախտահանում, կարմիր գծեր, մեր հերթապահները խումբ-խումբ կբարձրացնեն երեխաներին՝ 3-4 հոգի՝ ոչ ավելի, որպեսզի կուտակումներ չլինեն: Մենք թատրոնում պատշգամբ ունենք, նայեցինք, որ հնարավոր է փոքր թվով՝ 35-40 հանդիսականների համար ներկայացում խաղալ: 

Շատ երկրներում սկսել են բացօթյա ներկայացումներից, հետո կամաց-կամաց անցնում են փակ տարածքում, իհարկե՝ որոշակի պայմաններով, պայմանները մոտավորապես նույնը բացօթյայում են»,- ասում է Բաբայանը:

Նա նշում է, որ երկու առաջարկով են դիմել նախարարություն՝  բացօթյա և փակ տարածքում ներկայացումների համար:

«Կսկսենք բացօթյայից, բայց երբ ցրտերն սկսվեն, ինչպես նաև խաղացանկի հետ կապված, որովհետև ոչ բոլոր ներկայացումներն են հնարավորություն տալիս հարմարեցնել այս պայմաններին, իհարկե անհրաժեշտություն ունենք թատրոնի ներսում խաղալու: Երևի սկզբում, էլի փոքր թվով հանդիսատեսի համար, մեր դահլիճը 300 տեղանոց է, գուցե 100 կամ 120, 150 հոգու համար, մեկընդմեջ նստելու, էլի մեկ գործողությամբ, էլի դիմակներով: Սա է, եթե այսօր ինչ-որ բան բաց թողեցիր, հետո  երկրորդ կյանք չի տրվելու, որպեսզի դա լրացնես, կա՛մ այսօր, կա՛մ երբեք: Արվեստն այդպես է, առավելևս՝ կատարողական: Կա՛մ այսօր, կա՛մ բաց թողեցիր»,- նշում է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանն ասում է՝ առաջին դեպքը չէ, որ բացօթյա ներկայացումներով են հանդես գալիս: Մինչ կորոնավիրուսը եղել են ներկայացումներ Ղարաբաղում, վերջերս են նաև վերադարձել Տավուշի մարզից, որտեղ ևս ներկայացումները բացօթյա են եղել:

«Մարդու կյանքը պիտի լցված լինի մշակույթով, հակառակ դեպքում իսկապես սթրես է, և մենք դա տեսնում ենք: Գուցե լավագույն դասը, որ քաղեցինք այս ժամանակաընթացքում, թե ի՛նչ վիճակի կարող է հասնել հասարակությունը, որը զրկված է մշակույթից: Դրա մասին կարող էինք լսել, ենթադրել, բայց շատ կոնկրետ տեսանք: Մենք մարդ ենք՝ երկու մասից ենք կազմված, ռեալ և իռեալ, եթե իռեալը չի աշխատում, մենք ընկնում ենք սթրեսի մեջ:

Ես կարծում եմ, որ մշակույթն ընդհանրապես նաև իմունիտետի դեր է խաղում: Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, որ մշակույթը այն խնձորի բարակ կեղևն է, որը զսպում է աշխարհի քաոսը: Ես կարծում եմ՝ այդտեղ կա մեծ ճշմարտություն, մենք հաճախ բողոքում ենք անհանդուրժողականությունից, թշնամանքից, ագրեսիայից, որը կա մեր հասարակության մեջ, փորձում ենք մեղավորներ գտնել, բայց եթե նույնիսկ գտնում ենք մեղավորներին, այդ ագրեսիային ագրեսիայով չհակադարձելը մշակույթի խնդիրն է: Եթե դու մշակույթի դաշտում ես, եթե մշակույթը քո կարևորագույն մասն է, եթե նույնիսկ դու հանդիպում ես չարության, քո հանդեպ ագրեսիայի, դու նույն կերպ չես պատասխանում, դա շատ կարևոր է: Եվ այստեղ ի՛նչն է այդ խնդիրը լուծելու, եթե ոչ մեր մշակույթը»,- ասում է Բաբայանը:

Բաբայանը պատմում է, որ թատրոնի պատշգամբում, որտեղ կանցկացվեն բացօթյա ներկայացումները, կլինեն հատակին հավաքվող դեկորացիաներ, բարձրախոս, ամեն բան, ինչ հարկավոր է ներկայացման համար, կարևորը՝ եղանակը լավը լինի:

«Մենք սկսում ենք Այգեկցու «Դում-Դում իմաստունը և անգետները» ներկայացումից,  կիրակի օրը Թումանյանի «Անխելք մարդն է»: Եվ ոչ միայն մեզ մոտ ենք խաղալու և մանկական ներկայացումներ, Նարինե Գրիգորյանի մեծահասակների ներկայացումը՝ «Իմ ընտանիքը ճամպրուկի մեջ է», սեպտեմբերի 5-ին տանելու ենք և խաղալու ենք Ջրվեժում՝ անտառում: Պիտի ապրենք, աշխատենք: Քեֆ անողի քեֆը չի պակսի»,- ժպտալով ասում է Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ մշակույթը շատ կարևոր դեր ունի՝ մարդկանց օգնելու դիմադրել վախերին, հատկապես ճգնաժամային իրավիճակում:

«Մշակույթն ի վերջո կոտրում է սահմանները, մշակույթի պակասը ստեղծում է սահմաններ, մշակույթը կոտրում է վախերը, ասում է՝ մի՛ վախեցեք ոչ լույսից, ոչ մթությունից, ոչ ջերմությունից, մի՛ վախեցեք նրանից, ինչ ձեզ նման չէ: Էն, ինչ անծանոթ է, անպայման չէ, որ ընդունեք, բայց մի՛ վախեցեք: Վախերն են թույլ տալիս կառավարել մարդուն, ժողովրդին, հասարակությանը, երբ վախերից ազատվում ես, քեզ կառավարիչ պետք չէ, դու ինքդ ես կառավարում քո կյանքը: Կորոնավիրուսից էլ պետք չէ վախենալ, պետք է հասկանալ՝ հիվանդություն է, հիվանդությունը կա, ինչ անենք, պաշտպանվել ու ապրել, ինչպես մենք ենք հիմա փորձում անել թատրոնում»,- ընդգծում է տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am