Պաշտոնական Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Հունգարիայից. Օբաման խորապես մտահոգված է

Պաշտոնական Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Հունգարիայից. Օբաման խորապես մտահոգված  է
Պաշտոնական Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Հունգարիայից. Օբաման խորապես մտահոգված է
Հեղինակ MediaLab

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման խորապես մտահոգված է այսօր Իլհամ Ալիեվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստից:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Սպիտակ Տան պաշտոնական հաղորդագրությունը:

«Սաֆարովը 2004 թվականին Բուդապեշտում խոստովանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը եւ դաժան հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարվել,-գրված է հաղորդագրության մեջ,-Արդեն իսկ այս համաներման որոշման շուրջ մեր հիասթափության մասին տեղեկացրել ենք ադրբեջանական իշխանություններին:

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որ սրում է տարածաշրջանային լարվածությունը:

Միացյալ նահանգները նաեւ բացատրություն է պահանջում Հունգարիայից` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու որոշման վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ այսօր հայ սպային 2004 թվականի փետրվարի 19-ին գազանաբար սպանած Սաֆարովը Հունգարական բանտից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, Ռամիլ Սաֆարովին, ով Բուդապեշտում հայ սպա Գուգեն Մարգարյանին 16 կացնի հարվածով սպանելու համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել, Ադրբեջան տեղափոխվելուց հետո հերոսի ընդունելության է արժանացել: Ալիեվը նրան ներում է շնորհվել:

Ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը խզում է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ:

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ,-ասել է Սերժ Սարգսյանը` այսօր կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ, ուր հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»:

© Medialab.am