«Մենք՝ հայերս, ընկնում ենք հենց յաթաղանի և մուրճի արանքը». Տիգրան Խզմալյան

«Մենք՝ հայերս, ընկնում ենք հենց յաթաղանի և մուրճի արանքը». Տիգրան Խզմալյան
«Մենք՝ հայերս, ընկնում ենք հենց յաթաղանի և մուրճի արանքը». Տիգրան Խզմալյան

Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ «Մեդիալաբը» զրուցեց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարոն Խզմալյան, ոչ իշխանական եռյակն այս փուլում հանրահավաքներ է անցկացնում՝ իշխանափոխության պահանջով, ի՞նչ պետք է ակնկալել այս գործընթացից:

-Ոչ մի իշխանափոխության մասին խոսք չի գնում, եթե ինքներս մեզ չխաբենք: Իշխանափոխության մասին բավական անկեղծ արտահայտվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանի խնամին իշխանափոխություն անել և խոսել փոփոխությունների մասին, նա պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»: Այսինքն,այդ հեգնանքը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շատ սառնասրտորեն են վերաբերվում և լիովին վերահսկում են իրականացվող այդ կրկեսային հանդիսությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հրապարակում: Ոստիկանները ոչ թե խոչընդոտում, այլ օգնում են մարզերից մարդկանց բերելու հարցում, դա լայնորեն լուսաբանվում է: Այս ամենը ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն դեպքում տեղի է ունենալու սահուն տեղափոխություն, այլ ոչ հեղափոխություն՝ սեփականության և իշխանության պահպանման հստակ երաշխիքներով:

-Փաստացի հնարավոր եք համարում, որ պաշտոննե՞ր կտրվեն եռյակի անդամներին:

-Եռյակի անդամները, փաստորեն, իշխանության մաս են կազմում, ակնհայտ է դա, որովհետև իրենք պահպանում են իշխանության ամենակարևոր բաղադրիչը՝ դա սեփականությունն է և դրանից եկող եկամուտները: Եթե մարդիկ կարող են հեռուստատեսություն ունենալ, եթե կարող են թերթեր պահել, ամենակարևորը՝ եկամտաբեր բիզնեսներ ունենալ երկրում, ուրեմն նրանք քաղաքական ընդդիմություն չեն գոնե մեր պես բռնապետության մեջ: Իսկ այն, որ Հայաստանում բռնապետություն է, դա ակնհայտ է: Նրանք իրենց մասնակցությամբ և դեմագոգիայով միայն օրինականացնում են դա և շղարշ են քաշում մարդկանց աչքերին:

-Եթե հաշվի առնենք, որ հանրահավաքները բազմամարդ են, ստացվում է, որ ժողովուրդը հերթական անգամ հիասթափվելո՞ւ է:

-Հանրահավաքները բազմամարդ են մի քանի պատճառներով: Բազմամարդ են, որովհետև այդ մարդկանց բերում են, մենք բոլորս կույր չենք և տեսնում ենք, որ մարդիկ ավտոբուսներով գալիս են: Տրանսպորտը վերահսկվում է օլիգարխների կողմից, այսինքն, երբ օլիգարխները օգնում են մարդկանց հրապարակ բերելու գործում, ուրեմն նրանք, մեղմ ասած, դեմ չեն այդ հանրահավաքներին: Մենք տեսնում են հատուկ ծառայությունների և ոստիկանության համագործակցությունը, որովհետև հիշում ենք, թե ինչպես էին արձագանքում նույն կառույցները 2013 թվականին, 2008 թվականին, 2004 թվականին: Ոչ մի համեմատություն լինել չի կարող, իսկ պատճառը պարզ է՝ դա իրենց շահերից է բխում: Սակայն կա նաև մյուս կողմը. մեր ժողովուրդը միշտ պատրաստ է գալ և կատարել իր քաղաքացիական պարտքը: Եվ դա է վկայում բոլոր ընտրություններին մարդկանց մասնակցությունը և փաստացի իշխանությունների պարտությունը: Այն, որ Սերժ Սարգսյանը պարտվել է 2013 թվականի ընտրություններում, դա գաղտնիք չէ: Ուրեմն, ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր ենք մենք, ընդդիմությունն, ամեն մեկն իր չափով: Մարդիկ չեն կարողանում համոզիչ և պարզ ձևով ձևակերպել նպատակները և ժողովրդին կանչել ոչ թե կրկես, այլ իրական պայքարի մասնակցելու: Կարծում եմ, որ մեղքի մեծագայուն մասը ոչ թե եկող ժողովրդինն է, այլ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղը չկանչող իրական ընդդիմությանը:

-Հիմա, եթե ստացվում է, որ եռյակի վրա չպետք է ժողովուրդը հույս դնի, ի՞նչ պետք է անել:

-Իմիջայլոց իրենք իրենց ընդդիմություն չեն համարում: Ոչ իշխանական ուժեր, սա երևի նոր խոսք է քաղաքական բառապաշարում: Ես չեմ կարող ասել, որ իրենք անկեղծ չեն, իրենք անկեղծ են, անկեղծ են այնքանով, որ հայտարարում են, որ գալու են փոխարինելու այս մարդկանց իրենց մարդկանցով: Ստացվում է մի զանգված, որը սպասում է իր հերթին: Սակայն դա նույն խավն է, որովհետև մեզ մոտ դասակարգային պայքար է, և մարդիկ, ովքեր ասում են՝ Հայաստանում չկա քաղացիական պատերազմ, չարաչար սխալվում են: Հայաստանում քաղաքացիական պատերազմ է. մի բուռ հարուստներ են, որոնք վերահսկում են ուժային կառույցները, թալանում են ժողովրդին, և այդ պատճառով է առաջացել այս սարսափելի սոցիալական բևեռացումը: Ժողովուրդը հաճախ տեսնում է անձին և չի հետաքրքրվում նրա գաղափարներով: Եթե նախկին ոստիկանը, որը չհերքված տեղեկություններով, անչափահասի բռնաբարության համար տարիներ շարունակ բանտում է անցկացրել, կարող է հավակնել հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող երկրի առաջնորդ լինել, ուրեմն դրա մեջ պետք է տեսնել կամ զավեշտ, բայց մեր ժողովուրդը խելագար չէ, կամ դրսից հստակ ուղղվածություն:

-Այսինքն՝ եռյակի գործելաոճը բացատրում եք նաև դրսի թելադրանքո՞վ:

-Դա ակնհայտ է: Հայաստանն այլևս պետություն չէ, Հայաստանը ոչ ֆորմալ ձևով Ռուսաստանի մարզ է, իսկ ֆորմալ ձևով հայտարարել է, որ մտնում է ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինքի մեջ՝ կորցնելով իր ինքնիշխանությունը: Եվ փաստորեն մեր ղեկավարը ոչ թե Ծառուկյանն է լինելու կամ Սերժ Սարգսյանը, այլ Պուտինը, իսկ իր միջնորդը դա Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է: Փաստորեն բոլոր հարցերը Հայաստանում այսուհետ լուծվում են Ռուսաստանի դեսպանի միջոցով: Ինչպես պարզվեց Պուտինն առաջիկայում գալիս է Հայաստան, և դրա հետ կապված են խոշորագույն փոփոխություններ, որոնք տեղի են ունենալու մեր կյանքում, իհարկե, դեպի վատը: Ցավոք, վերջին քառորդ դարում տեղի ունեցած փոփոխությունները մեզ տանում են դեպի անդունդ:

-Պարոն Խզմալյան, վերջերս ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը, իսկ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ շատ «զգայուն մի հարցում» համաձայնության են եկել, ի նկատի ունելով սահմանների հարցում փոխզիջումը: Հայկական կողմից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Ի՞նչ վտանգ եք տեսնում այս հարցում:

-Վտանգն այն չէ՝ լինելու է Ղարաբաղի սահմանին մաքսակետ, թե ոչ: Վտանգն այլ է. հենց այն գաղափարը, որ ինչ-որ մեկը հեռավոր մայրաքաղաքից կարող է մեզ պայմաններ թելադրել միանգամայն ներքին հարցերում, ինչպիսին է, օրինակ, մեր և Արցախի հարաբերությունը: Մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, Արցախը Հայաստանի մաս է, ոչ թե անկախ պետություն: Եթե մեր ներքին տարածքում արդեն մաքսակետեր են դրվում, սա մեծագույն վտանգ է:

-Զիջումներն ի՞նչ սպառնալիք են ներկայացնում անվտանգության տեսանկյունից:

-Երեսուն արծաթով Հայաստանի իշխանությունները վաճառում են երկիրը, բայց այդ միության կազմում մեկ տոկոս է ստանում Հայաստանն ընդհանուր կերակրատաշտակից: Այդքան է գնահատված Սերժ Սարգսյանի ծառայությունը, որին շտապում են միանալ եռյակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այսինքն՝ զիջումները այսպիսին են՝ մեր քաղաքական դասակարգը համաձայնվում է սեփական իշխանությունը պահպանելու համար զիջումների գնալ, որոնք վերջիվերոջ բերելու են մեզ պատժամիջոցներ և տնտեսական մեկուսացում:

-Իշխանությունները պատճառաբանում են, թե Եվրասիական միությանն անդամակցելը Հայաստանի անվտանգությունից ու շահերից բխող որոշում է: Իրականում կապահովվի՞ Հայաստանի անվտանգությունն այդ միության կազմում:

-Դա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան ողբերգական: Ի՞նչ է նշանակում անվտանգություն, եթե անվտանգությունը չակերտավոր թուրքից փրկվելու միջոց է, ապա ինչպե՞ս կարելի է փրկվել՝ այդ միություն մտնելով: Հենց Թուրքիան է դառնում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական գործընկերը: Դրա համար ընդամենը պետք է պարզ վերլուծություն անել: Ընդամենը երկու խոշոր երկրներ են այսօր մեկուսացված Արևմտյան քաղաքակրթությունից և բնական կերպով հարում են իրար, դա Ռուսաստանը և Թուրքիան են: Երկուսն էլ միաձայն աջակցում են Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին: Ռուսական հումքն ու վառելիքը Թուրքիայից բացի ոչ մեկի պետք չէ, Չինաստանը դա ակնհատ ցույց տվեց, Եվրոպան նույնպես փակում է բոլոր կապերը Ռուսաստանի հետ վառելիքային առումով: Ռուսաստանն իր հերթին պատժամիջոցների պատճառով ստիպված է լինելու և գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքները գնել հենց Թուրքիայից: Մենք՝ հայերս, ընկնում ենք հենց այս յաթաղանի և մուրճի արանքը:Անվտանգություն փնտրելով՝ մոտենալ դժոխքի դռանը, մեղծ ասած, անտրամաբանական է: Այդ հեքիաթները չեն կարող համոզել անգամ դպրոցական երեխաներին:

Մարի Ներսեսյան

© Medialab.am