«Փաշինյանն ու իր թիմը կարող են դառնալ իրենց խաղաղության հաստատման ուղու զոհը». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, օգոստոսի 25-ից սկսած թշնամին շարունակում է փակ պահել Գորիս-Կապան ճանապարհը, ընթացող բանակցություններն արդյունք չեն տալիս: Ադրբեջանն ի՞նչ նպատակով է այս քայլին դիմել: Հայկական կողմն ի՞նչ է անում ճանապարհները բացելու ուղղությամբ:

– Նոյեմբերի 9-ի անորակ որոշումից հետո Ադրբեջանն ակնկալում էր, որ այս ընթացքում կարվի սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, և կկնքվի հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, սակայն միջազգային հանրության ճնշման արդյունքում անհնար դարձավ Մինսկի ձևաչափից դուրս կնքել նման համաձայնագիր:

Արդյունքում՝ Ադրբեջանը հիմա բանավոր պայմանավորվածությունները, որոնք ուներ նոյեմբերի 9-ից հետո, համարում է խախտված և այլևս մտադիր չէ սպասել, դրա համար էլ փակել է Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքով:

Հայկական կողմն այս ողջ ընթացքում ոչինչ չի արել, որպեսզի այդ հատվածները փոխարինի նոր ճանապարհով, թեպետև ակնհայտ է, որ այդ ճանապարհներն անվտանգ չեն կարող լինել: Հայկական կողմն ամբողջությամբ վստահում էր Իլհամ Ալիևին, և ենթադրում էին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվելու են: Ադրբեջանը սպասեց մինչև կառավարության ծրագիրը հաստատվի, և կառավարությունը դառնա իրավասու՝ միջազգային հարաբերություններում որոշումներ կայացնելու համար, և միանգամից դիմեց այս քայլին, որպեսզի արագացնի սահմանների ճշգրտման հարցը:

Կապան-Գորիս փակ ճանապարհի մասին խոսելիս խորհրդարանում Հայաստանի վարչապետն ասաց, որ ունենք գրունտային ճանապարհներ, որ Սյունիքը կտրված չէ Հայաստանից: Ինչպիսի՞ տպավորություն ստացաք Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցին վերաբերող ելույթից: Եթե խոսվում է այլընտրանքային ճանապարհի մասին, չի՞ նշանակում, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, համաձայն է Ադրբեջանի այս քայլի հետ և հանձնվում է:

– Նիկոլ Փաշինյանը պարզ ասել է, որ կատարելու է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, և ձեր հարցի պատասխանը հենց սա է: Այս կառավարությունը ի վիճակի չէ վերանայել այդ ապօրինի որոշման դրույթները և որևէ միջոց ձեռնարկել, որպեսզի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օրինական շահերը պաշտպանի:

Պետք է նկատել նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն սահմանափակվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված իրենց առավելություններով, այլ նաև ունեն հեռավոր պլաններ Հայաստանը վերցնել իրենց հսկողության տակ:

Իսկ այդ համատեքստում ինչպե՞ս եք բացատրում Հայաստանի ղեկավարի այն խոսքը, թե իրենք ստացել են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մանդատ և անշեղորեն գնալու են այդ ուղիով: Եթե, ինչպես նշում եք, թշնամին ուզում է վերցնել նաև Հայաստանը, ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանն այդ պարագայում խաղաղության հաստատում տարածաշրջանում:

– Նա փորձում է Հայաստանի պարտությունը և դրա հետևանքով առաջացած իրավիճակը ներկայացնել իբրև խաղաղության հաստատման ճանապարհ: Այդ հայտարարությունը հիմքում ունի այն ելակետը, որ Ադրբեջանը պետք է անպատիժ մնա Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու համար, և հայերը պետք է ընդունեն կատարված հանցագործությունը՝ որպես քաղաքական իրողություն:

Դա, սակայն, դրվում է հակասության մեջ Մինսկի խմբի եռակողմ ձևաչափի շրջանակում մշակվող առաջարկների հետ, ու չի կարող Նիկոլ Փաշինյանի հռչակած այդ մոտեցումը դառնալ խաղաղության հիմք: Խաղաղության համար հարկավոր են արդար, միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված որոշումներ: Դրա մասին ասում է և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն՝ պահանջելով Ռուսաստանից, Ադրբեջանից և Հայաստանից վերադառնալ միջազգային իրավունքի դաշտ:

Խաղաղությունը կարող է հաստատվել այն դեպքում, եթե վերացվեն ուժի գործադրման հետևանքները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը բոլոր զավթած տարածքներից, դեօկուպացվեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները՝ Հադրութն ու Շուշին, Ադրբեջանը պետք է դուրս գա 1994 թվականի շփման գծի վրա, և այդ տարածքներում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր:

Պարո՛ն Ղուկասյան, բայց եթե նույն Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի խոսում ո՛չ տարածքների դեօկուպացիայից, ո՛չ ադրբեջանական զորքերի այս կամ այն հատվածներից դուրսբերման մասին, լուծումն ինչպե՞ս է հնարավոր միջազգային իրավունքի սահմաններով: Հայաստանի Հանրապետության ղեկավարը նման պահանջ չի դնում խաղաղության հասնելու հիմքում, ընդհակառակը՝ հաճախ իր թիմակիցներից լրիվ այլ բովանդակությամբ տեքստեր ենք լսում:

– Այդ դեպքում կարող է մի սիրուն օր հոկտեմբերի 27-ի պես մի իրադարձություն կատարվի, և բոլորը, որոնք դեմ են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ու միջազգային հանրության պահանջներին, ստանան իրենց համար անսպասելի մի իրադրություն:

Եթե նրանք չդրսևորեն ողջամտություն և չվերադառնան հարաբերությունները կարգավորող միջազգային հանրության նորմերի դաշտ, այլ փորձեն հայ ժողովրդի շահերի հաշվին սպասարկել Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունները, ինչն ակնհայտ է՝ առաջնահերթություն է Փաշինյանի համար, կարող են անակնկալ ստանալ:

Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրադրության մասին, մեջբերում եմ, ասում է. «Ադրբեջանը փակել է ճանապարհը Էյվազլիի և Չայզամի հատվածներում»: Ինչո՞վ եք բացատրում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայկական տեղանունները թողած՝ օգտագործում է թշնամու կողմից կիրառվողը: Միտումնավո՞ր է անում:

– Դա թշնամու պատվերը կատարող կառավարության դրսևորում է, որի ելակետն այն է, որ այդ ղեկավարությունը Ադրբեջանի գործողությունները չի դիտարկում հանցավոր գործողություններ, այլ՝ օրինավոր:

Հայաստանն այսօր Ռուսաստանի դուդուկի տակ փորձում է շրջանցել միջազգային նորմերն ու ներկայացնել կատարվածը՝ իբրև հնարավորություն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Դա հիմարություն է, նման բան չի կարող իրականանալ: Այս ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համառությունը կարող է իր համար շատ վատ ավարտվել:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կարող են պատմության մեջ մտնել որպես մարդիկ, որոնք ուզում էին խաղաղություն հաստատել, բայց մնացին այդ բեռան տակ և դարձան այդ ուղու զոհերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am