«Հենց մի անծանոթ համարից զանգ ա գալիս, ասում եմ՝ կարո՞ղ ա՝ էրեխեն ա զանգում»․ Էլմիրան հույսը չի կտրում, որ մի օր եղբայրը կվերադառնա


26-ամյա Էլմիրա Տեփանյանը հուզմունքով ասում է, որ հեռախոսը ձեռքից վայր չի դնում, անընդհատ սպասում է եղբոր զանգին։ Չնայած Էլմիրան գիտի, որ եղբայրը զոհվել է, բայց հոգու խորքում հույս ունի, որ եղբայրը խոսքի տերն է լինելու, վերադառնալու է։

«Հենց մի անծանոթ համարից զանգ ա գալիս, ասում եմ՝ կարո՞ղ ա էրեխեն ա զանգում… Գերեզմանի քարը դրել են, բայց նման չի, ասում եմ՝ ինչ լավ ա, քարն էլ նման չի։ Ինքը միշտ իրա խոսքի տերն ա եղել, ինքն ինձ ասել է՝ գալու ա, դուխով։ Ես սպասման մեջ եմ»,- ասում է ու հուզվում քույրը։

Էլմիրայի եղբայրը՝ 18-ամյա Արտյոմ Տեփանյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում որպես կապավոր։

Պատերազմն սկսվելուն պես Ֆիզուլիում թեժ մարտեր է մղել թշնամու դեմ։

Վերջին անգամ կապ է հաստատել քրոջ հետ հոկտեմբերի 10-ին։ «Ասեց՝ խախանդ ա, քո՛ւր ջան, չմտածես… Ամուսինս էլ պատերազմի դաշտում էր, ասում էր՝ երկուսս էլ հետ ենք գալու։ Երկու օր հետո՝ հոկտեմբերի 12-ին, դիվերսիոն խումբը հարձակվել ա իրանց վրա»,- ցավով պատմում է Էլմիրան ու նշում, որ եղբայրը զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Քույրը պատմում է, որ եղբոր մարմինը գտնվել է մեկ տարի երկու ամսից, մինչ այդ ընտանիքը հույսով սպասել է, որ Արտյոմը կհայտնվի։

«Հույս ունեինք, որ գերի ա, մտածում էինք՝ գուցե պահված ա, գուցե ծանր վիրավոր ա։ Պատերազմի ավարտից մի տարի երկու ամիս անց հայկական կողմին փոխանցվեց Ցորի 11 զինակից ընկերների մարմինը, ԴՆԹ-ի միջոցով հայտնաբերվեց ախպորս մարմինը»,- հիշում է ու հուզվում քույրը։

Արտյոմ Տեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Ախպերս և 10 տղաները վերջում մնացել են մենակ, հրամանատարները փախել են։ Ադրբեջանական կողմը, որ փոխանցել ա մարմինները մեր ԱԻՆ-ին, ասել է՝ Ցորի 11 տղաները նենց լավ են կատարել մարտական գործողությունները, որ իրանք փոս են փորել, էրեխեքին լցրել մեջը»։

Էլմիրան ասում է՝ եղբոր զոհվելուց հետո մինչ այսօր էլ հոգեբանի է այցելում, դեղեր խմում, ցավը որևէ կերպ հաղթահարել չի կարողանում:

«Շատ դժվար ա, չեմ համակերպվում։ Երբ ախպերս մի ամսական է էղել, կլինիկական մահ է տարել, մենք արդեն լացում էինք, մտածում էինք՝ մահացել ա, հորական տատս եկավ, շորերը հանեց, քամի եղավ տունը, մի կես ժամ անցավ, էրեխեն սկսեց շարժվել, ոնց որ երկրորդ կյանք էղավ։ Եթե Աստված պիտի խլեր ախպորս, գոնե էդ ժամանակ տաներ, փոքր էինք․․․»- հուզմունքով ասում է Էլմիրան։

Արտյոմը կենսուրախ էր, ժպտերես, երբեք դեմքին տխրություն չէր լինում, բոլորին օգնում էր, ձեռք մեկնում՝ պատմում է քույրը եղբոր մասին։

«Շատ աշխատասեր էր, ֆերմայում էր աշխատում, անասնապահությամբ էր զբաղվում, էդ տարիքում իր սեփական գումարն էր աշխատում, ոչ մեկից գումար չէր վերցնում, անգամ ընտանիքին էր ապահովում։ Գյուղում բոլորին օգնում էր, «չեմ կարա» Արտյոմիս համար չկար, բոլորին հասնում էր»,- պատմում է քույրը։

Էլմիրան ասում է՝ եղբայրը շատ ուշադիր էր, հոգատար․ «Տան չորրորդ էրեխան էր, ես էրկու ախպեր ունեմ, բայց ինքն ուրիշ ա եղել։ Մարտի 8 կամ այլ առիթ լիներ, ինքը միշտ թեկուզ բացիկ կուղարկեր կամ զարդ։ Ես գալիս էի մերոնց տուն, ինքը լուսամուտից տեսնում էր մեր ավտոն, գալիս էր փողոցում կանգնում՝ էն ո՛ւմ քուրն ա գալիս։

Շատ կապված էինք, բանակ գնալուց առաջ ասեց՝ արի մի քանի օր մեր տանը մնա։ Հիշում եմ, ասեց՝ քո՛ւրս, նենց եմ ուզում՝ քաղցր գաթա թխես, կոֆեով խմենք: Թխեցի, կոֆեով խմեցինք, էրեխեքիս հետ ժամերով խաղաց։ Երանի եմ տալիս էդ ժամանակները»,- կարոտով պատմում է 26-ամյա քույրը։

Էլմիրան ասում է՝ եղբայրը պլանավորել էր բանակից գալ, իր 20-ամյակին նշանվել, իր բիզնեսը հիմնել:

«Սիրած աղջիկ ուներ, ինձ ասում էր՝ դու կալցոն ընտրի, ամեն ինչ պատրաստենք, անակնկալ լինի։ Գյուղում ուզում էր իր բիզնեսը դնել, անասնապահությամբ զբաղվեր, արդեն հավաքած գումար էլ ուներ։

Ամեն ինչ կիսատ մնաց․․․»- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am