Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը․ ԱԻՊԾ

ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի մայիսի17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը:

Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում: Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն:

Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով շաբաթվա ընթացքում գրանցվել է 45 կանչ: ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության ջոկատների հետ, ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:

Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:

Ջերմաստիճանի կտրում բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը: Ծառայության 911 ահազանգման կենտրոնում օձի հայտնաբերման 7 դեպք է արձանագրվել:

Ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման դռան կամ վերելակի բացման, ինչպես նաև այլ տեխնիկական ու կենցաղային օգնության նպատակով, քաղաքացիների կողմից գրանցվել է 41կանչ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Շրջանային ԱԻ բաժնի փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: