Ապագա կա և այն արարելու ենք այսօր. Փաշինյանն ընթերցեց քաղաքացուն ուղղված նամակը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիների ուղղված նամակ ընթերցեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը նախընտրական թերթիկ է ունենալու, որի հետևում լինելու է այդ նամակը:

«Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, 2017-18 թվականներին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ի ՞ նչ եմ ակնկալում քեզանից: Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, որ դու սխալվել ես՝ մտածելով, թե կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կամ պետք է հպատակ լինես քո հայրենիքում կամ կորցնես հայրենիքդ:

Ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունը ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, արդյունքում պարզվեց , որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Ու այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքը նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որը փորձում էինք կառավարել` առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի:

Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում, ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով: Ու հիմա ընտրության առաջ ես` ենթարկվես ժամանակին, թե քեզ ենթարկես ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որը քեզ ենթակա չէր երեկ, այսօրվա կորուստների առանցքային պատճառն է:

Այսօրվա բարդությունը կուտակվել է երեկ: Հիշու՞մ ես, թե քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ այս երկրում ապագա չկա ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետը ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այս օրը ապագա էր երեկ, իսկ վաղը ապագա է այսօր ու այն պետք է գա, եթե դու որոշես, որ ինքը կա, որովհետև ցավից չպետք է կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունը: Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ գրում եմ՝ ասելու, որ ապագա կա′, կա′ ապագա ու այն արարելու ենք այսօր:

 Քո Նիկոլ»: