«Արարատյան դաշտում, Երևանում միջին ջերմաստիճանը կբարձրանա, ու 42 էքստրեմալ ջերմաստիճանով դեպքերը կդառնան հաճախակի». մասնագետը՝ կլիմայի փոփոխության հետևանքների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, այս օրերին օդի ջերմաստիճանը, ըստ պաշտոնական աղբյուրների, հասնում է 42 աստիճանի: Ձեր մասնագիտական կարծիքը, խնդրում եմ, արդյոք սա համարվում է կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանք:

– Մենք ամռան սեզոնին բարձր ջերմաստիճանի դեպքերի համար ուսումնասիրություններ ենք իրականացնում և այդ ուղղությամբ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին երկու տասնամյակներին Հայաստանում, Երևանում աճել է ջերմային ալիքների դեպքերի հաճախականությունը: Մենք ունենում ենք այնպիսի ջերմաստիճաններ, որոնք, օրինակ, վերջին 50 տարվա ընթացքում եղել են հազվադեպ:

Այսինքն՝ այդ ջերմաստիճանների հաճախականությունն ավելացել է: Այս երևույթը կոչվում է ջերմային ալիքներ, երբ ջերմաստիճանը նորմայի համեմատ 5 աստիճանով ավելի բարձր է ու տևում է 5 օր և ավելի: Այդ ջերմային ալիքները բավական բացասական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա:

– Այսինքն՝ այս օրերին Հայաստանն ունենում է ձեր նշած ջերմային ալիքնե՞րը՝ օդի ջերմաստիճանը 42 աստիճան: Եվ նաև խնդրում եմ ասեք՝ հիդրոօդերևութաբանական ի՞նչ երևույթներ կարող է առաջացնել այսպիսի ջերմային ֆոնը:

– Այո՛, դա նորմալ չէ, դա բարձր ջերմաստիճան է: Բայց պետք է նկատել, որ Հայաստանի պատմական առավելագույն ջերմաստիճանը եղել է 43.7 աստիճան, Մեղրիում՝ 2011-ին: Աննախադեպ չէ, բայց հազվադեպ է, երբ ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանը:

Ջերմաստիճանային ալիքների դինամիկան ցույց է տալիս, որ 90-ականների երկրորդ կեսերից մենք ունենում ենք տաք տարիներ, այսինքն՝ ջերմաստիճանը գերազանցել է նորմը:

Ինչ վերաբերում է ձեր նշած հիդրոօդերութաբանական երևույթներին, այո՛, երաշտներ են լինում, և այդ դեպքերը տարիների ընթացքում աճել են: Ոչ միայն միջին ջերմաստիճանն է բարձրանում, այլ նաև վտանգավոր կամ էքստրեմալ երևույթներն աճման միտում ունեն: Դա կարելի է համադրել կլիմայի գլոբալ տաքացման հետ, քանի որ միտումները զուգադիպում են և՛ գլոբալ մակարդակով, և՛ մեր հանրապետության:

– Այս իրավիճակում անապատացման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Այսօր Արարատյան դաշտը կիսաանապատային լանդշաֆտ է համարվում, բայց ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կարող է վերածվել անապատայինի: Այս խնդրի հետ կապված ընդհանուր գնահատականներ չունենք, բայց մենք դիտարկում ենք, թե ինչ միտումներ կունենա ջերմաստիճանի փոփոխությունը մինչև 21-րդ դարի վերջ: Կլիմայի փոփոխության վերաբերյալ կանխատեսումների համաձայն՝ 1961-1990 թվականների բազիսային ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի աճ՝ տարեկան մինչև 4 աստիճան: Դա և՛ ամռան, և՛ մյուս սեզոններին:

Դա, բնականաբար, խիստ բացասական հետևանքներ է առաջացնելու՝ չորացում, երաշտների հաճախականության աճ և այլն:

– Երբ ասում եք, որ տարեկան 4 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա, ապա ո՞րն է ելակետը, միջին ջերմաստիճա՞նը:

– Այո, միջին ջերմաստիճանը, որը, բնականաբար, ավելի ցածր արժեք ունի, քան այն, որ հիմա գրանցվում է: Մենք մեր գնահատականներն անում ենք՝ հիմնվելով միջին ջերմաստիճանի վրա, որը Արարատյան դաշտում և Երևանում հուլիս ամսին կազմում է 25-27 աստիճանն է:

Այն, որ հիմա օդի ջերմաստիճանը գրանցվում է 40-42, էքստրեմալ ջերմաստիճանն է:

Այսինքն՝ ըստ կանխատեսումների, Երևանում, Արարատյան դաշտում ամռան ամիսների միջին ջերմաստիճանը կարող է հասնել 30-ի և անցնել 30-ից: Իսկ այս երևույթը կարող է հանգեցնել 40 և ավելի էքստրեմալ ջերմաստիճանի դեպքերի հաճախականության աճի: Եթե մենք ներկայիս կլիմայական պայմաններում նման ջերմաստիճան ունենում ենք տարեկան 1-3 դեպք, ապա դրանք կարող են կրկնապատկվել:

– Իսկ կա՞ն, իրականացվո՞ւմ են ծրագրեր դիմակայելու կլիմայական նման փոփոխություններին:

– Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, և Հայաստանը միացել է 2015 թվականին Փարիզում ստորագրված կլիմայի տաքացման զսպման համաձայնագրին: Այդ համաձայնագրի միացած երկրները պարտավորվում են համապատասխան ծրագրերով, միջոցառումներով այնպես անել, որ գլոբալ միջին ջերմաստիճանը չբարձրանա:

Հիմնական միջոցառումը ջերմոցային գազերի արտանետման նվազեցման ծրագիրն է, որի արդյունքում կարող է մեղմացվել գլոբալ տաքացումը: Այդպիսի միջոցառումներ են, օրինակ՝ հիմա շենքերի կառուցման ժամանակ փորձում են ջերմախնայող կամ էներգախնայող տեխնոլոգիաներ կիրառել, ոռոգումը դարձնել կաթիլային, խնայել ջուրը, ընդլայնել անտառապատ տարածքները և այլն:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am