Փաշինյանն ու իր թիմը կրակի հետ են խաղում, ոչ մեկս չենք կարողանալու կասեցնել իրենց իսկ գեներացրած ատելությունը. Նինա Կարապետյանց 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում այն, որ ըստ տարբեր գնահատականների, իշխանական մակարդակով ատելության խոսք է տարածվում: Խոսքը, օրինակ,  վերջին օրերի բողոքի ցույցերի մասով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը, որում հետևյալ միտքը կար. «…հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով…», իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող կայքը «Ղարաբաղցի ջարդարարները», «Պատերազմից խուսափած ղարաբաղցի երիտասարդը» ու նմանատիպ վերտառությամբ տեսանյութեր է հրապարակում, չնայած հետո փոխել են վերնագրերը: Այնուամենայնիվ, ո՞րն է սրա նպատակը: 

– Կյանքը ցույց տվեց, որ բոլոր ժամանակների իշխանությունները փորձել են Արցախի ու Հայաստանի բնակչության մեջ պառակտում մտցնել, որովհետև այդ կերպ կառավարելը հեշտ է: Քիչ էր մեզ, որ տարածաշրջանում սովետական տարիներից սկսած բաժանել են, որպեսզի տիրեն ողջ տարածաշրջանը, իշխանությունները փորձում են հայության մեջ էլ բաժանում մտցնել, որպեսզի ավելի հեշտ կառավարեն, հրահրեն ու իրենց կեղտոտ գործերն անեն: 

Դատախազությունը շատ-շատ տրամաբանական է գործում, այսինքն՝ վատագույն ավանդույթների շարունակողն է այս իմաստով: Դատախազության համար 2008 թվականի մարտի 1-ին մարդիկ «ջարդարարություն էին անում, բռնարարներ էին, խանութներ թալանողներ էին», իսկ 2018 թվականին այդ նույն դատախազությունը այդ նույն կազմով ու գործիքակազմով հանկարծ որոշեց, որ նրանք ջարդարարներ չեն եղել, թալանողներ չեն եղել, նրանք խաղաղ ցուցարարներ են եղել, ու նրանց հետ կապված Եվրոպական դատարանից եկած որոշումներով դատախազությունը Վճռաբեկ դատարանի որոշումներ ստացավ ու արդարացրեց այդ մարդկանց, որոնց վերաբերյալ մեղադրանքներ էր պաշտպանում: 

Հենց այս նույն տրամաբանությամբ է գործում այսօրվա իշխանությունը, որովհետև այդպես էլ համակարգերը չփոխեցին, որովհետև միշտ ասել եմ, որ այս գործիքակազմով իրենք իրենց կպաշտպանեն: Ինչո՞ւ որևէ ձևով չդատապարտեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունները, որովհետև ինչ-որ պահի իրենք այդ նույն ոստիկանությանն ուղարկելու էին բացառապես խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու: Ակնհայտ է, որ օգտագործում են բռնությունը, ակնհայտ է, որ դատախազական նույն գործիքը օգտագործվում է, լավ, պետք է անպայման դանակը ոսկորի՞ն հասնի, որ այս հասարակությունը նոր հասկանա, որ ոչինչ չի փոխվել: Կարելի՞ էր այսքան ժամանակ չտեսնել, թե ուր է գնում գործող իշխանությունը, իսկ ինքը գնում էր ուղղակի վիշապացման, վիշապին սպանելուց հետո նույն վիշապացման գործընթացը սկսեցին իրենք:

– Իսկ ատելության խոսք տարածելով՝ հնարավո՞ր է կառավարել:

– Ո՛չ, ո՛չ: Ես էլի եմ ասել, որ եթե նախորդ հանցավոր ռեժիմներին ճանապարհեցին խաղաղությամբ, թավիշով, հազար անգամ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրակի հետ են խաղում: Ոչ մեկս չենք կարողանալու կասեցնել իրենց իսկ կողմից, ու ոչ միայն իրենց, գեներացված ատելությունը, որն իրենց է վերադառնալու ու շատ ծանր դրսևորումներով, չենք կարողանալու կանգնեցնել այդ բռնությունը, որովհետև շատ վատ բան են արել իրենք:

– Տիկի՛ն Կարապետյանց, մեկնարկած անհնազանդության ակցիաների մասով ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Դժվարանում եմ պատկերացնել, որովհետև, կարծում եմ, Հայաստանում չկա որևէ գիտակից ու ողջամիտ մարդ, որն այս պահին ուղղակի ցասում չի ապրում: բայց այդ մարդիկ շատ վատ ձևով կարող են օգտագործվել, որովհետև շատ խմբեր կան, որոնք խոսում են հայրենասիրությունից, չգիտեմ ինչից, բայց իրականության մեջ միայն պաշտոնի կռիվ են տալիս: Ամենավատը ոչ թե իշխանության գալու հարցն է, այլ հետագայում ո՛ւմ ծառայելով իշխանության գալու հարցն է, ու ակնհայտ է, որ հրապարակում շարքային քաղաքացին, որն իր ցասումն է դրսևորում, ուղղակի օգտագործվում է նրանց կողմից, ովքեր Հայաստանը Ռուսաստանի ավելի ստրուկ դարձնելու, ավելի խոր համագործակցության, Հայաստանի սուվերենությունը վերջնականապես վերացնելու կողմնակիցներն են: 

Շատ եմ ցավում, կան շատ ազնիվ խմբեր, շատ մարդիկ կան, որոնք ուղղակի տեղը չեն գտնում իրենց ցասումն ու վրդովմունքն արտահայտելու: Մենք ժամանակ էլ չունեցանք, որ կարողանայինք ձևավորել այն խմբերը, որոնք կկարողանային պատասխանատվություն ստանձնել, որովհետև ամեն մեկը փորձեց վերմակն իր կողմը քաշել, իր կուսակցության կողմը հավաքել, զբաղվեցին ամեն ինչով՝ բացի ռեալ այլընտրանքային հնարավորություն ձևավորելուց: Սա շատ ցավալի է, որովհետև երբ հասարակությունն իր արդարացի ցասմամբ մնում է փողոցում, դա կարող է շատ ցավալի, շատ վտանգավոր հետևանքներ ունենալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am