Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի
Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի և տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար:

Սա դրական տեղաշարժ է 2006 թվականից ի վեր, երբ նախագահ Քոչարյանի կառավարությունը ձեռնպահ մնաց մի քանի տասնյակ երկրներին միանալուց, որոնք համաձայնել էին մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Լիբանանի հետ Իսրայելի պատերազմից հետո: Այդ ժամանակ, նախկին նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարը «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր խաղաղապահ զորախմբեր տրամադրել՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անորոշ մանդատի և այն պատճառով, որ հայ զինվորների մասնակցությամբ ցանկացած բախում կարող էր վտանգի ենթարկել Լիբանանի հայ համայնքը: 2006 թվականին նախագահ Քոչարյանի հետ իմ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նա անդրդվելիորեն պաշտպանեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Մյուս կողմից, Թուրքիայի կառավարությունը շատ արագ գիտակցեց Լիբանան խաղաղապահներ ուղարկելու օգուտները՝ զինվորական ներկայություն հաստատելու, իր քաղաքական և տնտեսական ազդեցությունն արաբական աշխարհում ընդարձակելու, արժեքավոր հետախուզական տվյալներ հավաքելու և լիբանանյան հարցերում հայկական ազդեցությանը դիմակայելու գործում: Հետևաբար, Օսմանյան կայսրության անկումից գրեթե մեկ դար անց թուրքական զորքերն առաջին անգամ մտան Լիբանան: Ներկայումս ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունը բաղկացած է 37 երկրների 11 հազար խաղաղապահներից, այդ թվում՝ 495-ը Թուրքիայից: Անցյալ տարի Հայաստանը միայն մեկ սպա է ուղարկել Հարավային Լիբանան դիտորդական առաքելությամբ: Մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ ավելի քան 130 հայ խաղաղապահ զինվորներ ծառայում են Աֆղանստանում, և 35-ը՝ Կոսովոյում. մինչև վերջերս նրանք ծառայում էին նաև Իրաքում:

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չբացատրեց, թե ինչու է հիմա շահագրգռված իր խաղաղապահ ուժերը Լիբանան ուղարկելու գործում՝ յոթ տարի առաջ նախկին նախագահ Քոչարյանի մերժումից հետո: Իմ կարծիքով, գոյություն ունեն հինգ դրական պատճառներ, թե ինչու Հայաստանը պետք է խաղաղապահներ տրամադրի ՅՈՒՆԻՖԻԼ-ին.

1. Հայ զինվորների ներկայությունը լիբանանյան տարածքում հպարտության մեծ զգացում կառաջացնի այդ երկրի հայկական կարևոր համայնքի մոտ:

2. Հայկական զորամիավորումը որոշ չափով կնպաստի թուրքանպաստ քարոզչության հավասարակշռմանը, որն առաջացել է 2006 թվականից ի վեր Հարավային Լիբանանում թուրքական ավելի մեծաքանակ ռազմական ներկայության պատճառով: 

3. Հայկական զորախմբերը միակը կլինեն Հարավային Կովկասից, քանի որ ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը խաղաղապահներ չեն ուղարկել Լիբանան:

4. Թեև Իսրայելի և Սիրիայի հետ սահմանակից Հարավային Լիբանան զորախմբեր ուղարկելն իր մեջ վտանգ է պարունակում, սակայն սա ավելի քիչ վտանգավոր առաքելություն է քան Աֆղանստանում, որտեղ ավելի քան 130 հայ զինվորներ ծառայում են երկար տարիներ:

 5. Հայկական զորախմբերը, ինչպես Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում, այնպես էլ այստեղ, ռազմական արժեքավոր փորձ ձեռք կբերեն տասնյակ այլ երկրների զորամիավորումների հետ համատեղ ծառայության ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարեց, որ կարող է խաղաղապահ զորախմբեր ուղարկել աֆրիկյան Մալի պետություն, որտեղ մի շարք արյունալի բախումներ են հրահրվել: Այդ ընդհարումներում Ալ-Քաիդիայի հետ կապված իսլամիստական խմբավորման զինյալները կռվում են մալիական, ֆրանսիական և աֆրիկյան ուժերի դեմ: Քաղաքացիական պատերազմ է հրահրվել նաև անջատողական տուարեգ ցեղերի և մալիական զորքերի միջև: Իրավիճակն այնքան անկայուն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անցյալ շաբաթ իր զեկույցում զգուշացրեց, որ խաղաղապահները կարող են լուրջ վտանգների ենթարկվել Մալիում և դրա շուրջ ծավալվող գործողություններում:

Նման վտանգավոր պայմաններում անխոհեմ կլինի հայ խաղաղապահներ ուղարկել Մալի: Մալիի անվտանգության համար պատասխանատվությունը հիմնականում ստանձնել են աֆրիկյան երկրների ուժերը՝ ֆրանսիական զինվորականների նյութատեխնիկական աջակցությամբ: Հայաստանը չի կարող անհարկի վտանգի ենթարկել իր զինծառայողների կյանքը, նկատի ունենալով անվտանգության առաջնահերթությունն իր սեփական տանը՝ Արցախյան հակամարտության պատճառով:

Հայկական զորախմբերի ծառայությունը նվազ վտանգավոր վայրերում կարող է դրական լինել ռազմական պատրաստականության և դիվանագիտական տեսանելիության ձեռք բերման առումով, սակայն մեծ թվով զինվորներ հակամարտության բազմաթիվ թատերաբեմեր ուղարկելը և պայթյունավտանգ իրավիճակներում նրանց տեղակայումը անխոհեմ քայլ կլինի, հաշվի առնելով հայկական բանակի զինվորների սահմանափակ թիվը: 

Չնայած Հայաստանի մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ին ենթակա է խորհրդարանական հաստատման, սակայն հաշվի առնելով իշխող կուսակցության ճնշող մեծամասնություն լինելը՝ մեծ դիմադրություն չի սպասվում: Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը խաղաղապահ զորախմբերը միայն Լիբանան ուղարկելու համար: Կան բազմաթիվ իմաստալից պատճառներ հայկական զորամիավորումները Լիբանանում և ոչ թե Մալիում տեղակայելու համար:

ՀարութՍասունյան 

«ԿալիֆորնիաԿուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր