Գործող նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին բանակցային սեղանի շուրջը նստելուց առաջ կոչ է անում դուրս գալ հացադուլից, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը սոված վիճակում չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին:
Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված գրավոր պատասխանին:
«Հացադուլավորը թույլ վիճակով չի կարող գնալ նախագահի հետ բանակցությունների: Դրա համար ասում է՝ հացադուլից դուրս արի, մի քիչ կազդուրվիր, հետո կգաս, կտեսնենք՝ ի՛նչ պաշտոն ես ուզում, հլը կտեսնեմ՝ ես տալի՞ս եմ, թե՞ չեմ տալիս»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Արմեն Բադալյանը:
Նա նշում է, թե քանի որ մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրազանգվածն ու ինքը մնան Ազատության հրապարակում, մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:
Եվ որպեսզի մնան Ազատության հրապարակում, ինչ-որ գործողություններով արդարացնեն իրենց՝ Ազատության հրապարակում մնալը, ըստ փորձագետի, այս անգամ ընտրվեց որոշակի պաշտոնների շուրջ առևտրի բացահայտ առաջարկությունը:
«Իսկ հայտնի է, որ գործող նախագահը քաղաքական առևտրում այդքան էլ վատ խաղացող չէ: Նա բացահայտ ասաց՝ դուրս արի հացադուլից, մի կարգին կազդուրվիր, և արի տեսնենք՝ ի՞նչ պաշտոն ես ուզում: Կարող է՝ մի նախարարի, հանձնաժողովի կամ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոն տալ, բայց դա արդեն էական չէ, առավել ևս, որ նախորդ հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը որոշակի պայմաններով կարող է ճանաչել Սերժ Սարգսյանի փաստացի նախագահ լինելը: Սա ասաց, քանի որ հայտնի է՝ ապրիլի 9-ին գործող նախագահը այսպես թե այնպես պաշտոնական երդմնակալություն է անցկացնելու և արդեն հանդես է գալու որպես նախագահ»,- ասում է Բադալյանը:
Իսկ թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոն ուզում, Արմեն Բադալյանի խոսքով՝ որպեսզի ժողովրդին ասի՝ սա առաջին փուլն է, մենք կամաց-կամաց պաշտոնը կվերցնենք Սերժ Սարգսյանից: Սակայն իրականում, ըստ մասնագետի, այդպես չի լինի, քանի որ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՅԴ-ն, և այն 540 հազար ձայներից, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ, նրան շատ քիչ կմնա:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իր պատասխանով ակնարկեց, որ վերահսկողության հետ կապված ինչ-որ հարցերի շուրջ իրենք կարող են ընդհանուր հայտարարի գալ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի դրանց:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այդքան էլ անհանգստացած չէ այսօրվա վիճակով, պարզապես Սերժ Սարգսյանին պետք էր ցույց տալ հասարակությանը, որ ինքն անհաղթ ուժով քաղաքական գործիչ չէ և պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանին ձեռք մեկնելու, եթե Հովհաննիսյանը համաձայնի իր առաջարկներին:
«Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացրեց Սերժ Սարգսյանին, որ ինքը փոխզիջումների կողմնակից է, նա էլ պատասխանեց, որ ես պատրաստ եմ քո առաջարկները քննարկելու, բայց քո առաջարկները նաև հավակնոտ են և չմշակված: Բայց, այնուամենայնիվ, ակնարկեց, որ քանի որ կան որոշակի դրույթներ վերահսկողության հետ կապված, ինքը պատրաստ է նստելու սեղանի շուրջը և ընդհանուր հայտարարի գալու»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:
Արմեն Բադալյանն իր հերթին նշում է, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները կապ չունեն ընտրությունների արդյունքների վերանայման հետ:
Այնտեղ տարբեր խնդիրներ են լուծում, որոնցից մեկն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ էր ցանկանում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը գային, մասնակցեին այդ շարժմանը, ինչը չեղավ: Երկրորդ նպատակն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց հասնել միջին օղակի ՀՀԿ-ականների հրաժարականին, սակայն լավագույն դեպքում միայն Շիրակի մարզպետը հրաժարական տվեց: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս կետերից բաղկացած սցենարն իրականություն չդարձավ:
Հիշեցնենք, որ ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջին հանրահավաքում արած առաջարկությունների՝ Սերժ Սարգսյանը նրան գրավոր կոչ է արել դուրս գալ հացադուլից, մեկ-երկու օր կազդուրվել, և «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի վաղ Սերժ Սարգսյանին նամակով ներկայացրել էր իր առաջարկությունները, այն է՝ անցկացնել կա´մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա´մ իրականացնել ընտրական համակարգի փոփոխություն և մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` միայն համամասնական ընտրակարգով: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև Սերժ Սարգսյանից պահանջում է մի շարք կարևորագույն ոլոլորտների ղեկավարների պաշտոնները:
Այսօր արդեն Սերժ Սարգսյանի ուղղած պատասխան նամակում, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ պատրաստակամ է «համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի, ցանկացած ձեւաչափով»:
© Medialab.am