Վրացի երգիծաբան և քաղաքացիական ակտիվիստ Օնիսե Օքրիաշվիլիին հուլիսի 22-ի երեկոյան երեք տղամարդ ծեծի են ենթարկել Թբիլիսիի Վակե թաղամասում՝ նրա տան մոտ։ Օքրիաշվիլին հայտնի է «Վրացական երազանք» կուսակցության քննադատությամբ, մասնակցում է եվրոպամետ բողոքի ցույցերին և պարբերաբար անհատական ակցիաներ է կազմակերպում՝ իշխանության քաղաքականության դեմ։
OC Media-ի փոխանցմամբ, հարձակմանը նախորդել էր երգիծաբանի դեմ մի քանի օր շարունակվող արշավը իշխանամետ հեռուստաալիքներում և սոցիալական ցանցերի՝ իշխանության հետ փոխկապակցված էջերում։
Արշավի պատճառը ստենդափ ներկայացումից տարածված կարճ հատվածն էր, որտեղ Օքրիաշվիլին հիշատակել էր վրաց գրականության դասական Նոդար Դումբաձեին։ Երգիծաբանի պարզաբանմամբ՝ խոսքը հորինված կերպարի մասին հիպոթետիկ և դիտավորյալ անհեթեթ օրինակի մասին էր, սակայն տեսանյութը տարածվել էր համատեքստից կտրված՝ այնպես ներկայացնելով, կարծես նա ուղղակիորեն վիրավորել է գրողին։
Հարձակումից օրեր առաջ Օքրիաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» քարոզչական մեքենան իր բոլոր ռեսուրսներով մարդկանց տրամադրում է իր դեմ։ Նրա կինը՝ Մարիամ Սամուշիան, հայտնել է, որ ընտանիքը պատրաստվում էր դատական հայց ներկայացնել զրպարտչական նյութեր տարածած լրատվամիջոցների դեմ։
«Այսօր պատրաստվում էինք քննարկել քարոզչական լրատվամիջոցների դեմ հայց ներկայացնելու հարցը, իսկ այսօր Օնիսեին ծեծեցին։ Սա մարդկանց միջև արհեստականորեն հրահրված ատելություն է»,- ասել է Սամուշիան։ Այս մասին տեղեկացնում է Georgia Today-ը:
Ականատեսի նկարահանած տեսանյութում հարձակվողներից մեկը Օքրիաշվիլիին մեղադրում է Նոդար Դումբաձեին վիրավորելու մեջ։ Երգիծաբանի հագուստը պատռվել էր, ձեռքն արյունոտ էր, իսկ գլխին և պարանոցին հարվածների հետքեր կային։
Դումբաձեի ընտանիքի անդամները դատապարտել են բռնությունը։ Գրողի թոռը՝ Նոդար Թոփուրիձեն, հայտարարել է, որ իր պապի անունից մարդ ծեծելը կարող է լինել «կամ սադրիչի, կամ ապուշի գործ»։ Գրողի դուստրը՝ Քեթևան Դումբաձեն, ևս շեշտել է, որ բռնությունն անընդունելի է՝ անկախ հնչած խոսքերից։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նշել է, որ կատարվածը մեկուսացված միջադեպ չէ, այլ իշխանության քննադատների դեմ ձևավորված բռնության մթնոլորտի հետևանք։ Ըստ կազմակերպության՝ նման դեպքերին հաճախ նախորդում են քննադատներին բացահայտող և վարկաբեկող համակարգված մեդիաարշավներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բռնության հոդվածով։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ մեղադրվող անձանցից մեկը ներկայացել է ոստիկանություն, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել։



















