«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«Մենք՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», խորը վշտով տեղեկացանք մեդիայի հրապարակումներից, որ Հայաստանում սպանվել է 23-ամյա Այշատ Բայմուրադովան՝ Չեչնիայից ընտանեկան բռնությունից փախած և այստեղ ապաստան գտած երիտասարդ կին։
Այշատը Հայաստան էր եկել՝ փրկվելով ընտանեկան բռնությունից և հետապնդումից, սակայն սպանվել է այն երկրում, որտեղ պետք է գտներ անվտանգություն: Նման դեպքերը եզակի չեն և մեկ անգամ ևս մատնանշում են գենդերային բռնության արմատների ու տարածվածության մասին։
Փաստացի ավտորիտար ռեժիմների ազդեցությունն այնպիսինն է, որ նրանց ներկայացուցիչները կարողանում են հասնել իրենց նպատակին նույնիսկ Հայաստանի տարածքում՝ գործի դնելով իրենց լծակներն ու ազդեցության մեխանիզմները՝ ի վերջո զրկելով երիտասարդ կնոջը կյանքից։
Մենք պահանջում ենք՝
Անմիջապես իրականացնել լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն՝ պարզելու Այշատ Բայմուրադովայի մահվան բոլոր հանգամանքները։
Հստակ գնահատել այլ երկրներից գենդերային բռնության ենթարկված դեպքերին պետական մարմինների արձագանքման գործելակարգերը և արձագանքելու ընթացակարգերը:
Այշատի սպանությունը ցավալի հիշեցում է, որ բռնությունից փախչող կանայք դեռևս ամբողջությամբ ապահով չեն՝ անգամ այն վայրերում, որտեղ նրանք փնտրում են պաշտպանություն»։



















