Որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի առաջադրումը լինելու բարոյական, ի՞նչ երեսով է նայելու մարդկանց, որոնցից ձայներ պետք է խնդիր․ Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Օրերս Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ նշել էիք, որ 2018-ին, երբ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, դուք մի կարճ ժամանակահատված իշխանամետ էիք և այժմ հիասթափված եք։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։

– Այո, մոտ մեկ տարի ես հույսով լի եմ եղել, որ ամեն ինչ լավ է լինելու։ 2019-ից հետո, ըստ էության, ինձ համար պարզ էր, որ շոշափելի տեղաշարժեր չեն լինելու։ Արդարադատության համակարգը մնացել էր նույնը, և հասկացա, որ մնալու է նույնը։

Դա հասկացա վարչապետ-արդարադատության նախարար ուղիղ եթերում հայտնի զրույցից, երբ խոսում էին, որ տարիներ են պետք, որպեսզի դատական համակարգը փոխվի։ Մի խոսքով, այլ բնագավառներում՝ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, ընդհանրապես՝ ուժային կառույցներ, հարկային մարմիններ։

Ոչ մի տեղ ոչ մի փոփոխություն, էական, լուրջ փոփոխություններ չեղան։ Եվ ամենակարևորը՝ ամեն կողմից ստանում էինք ազդակներ, որ լուրջ փոփոխություններ չեն էլ լինելու։

Այսքանից հետո բնական է, որ պետք է արդեն հասկանայինք, որ նոր իշխանությունների հետ հույսեր կապելն իմաստ չունի, որովհետև նրանք ամենևին էլ նոր իշխանություն չեն։

Նոր իշխանավորներ են, բայց նոր իշխանություն չեն։ Այնուհետև եղավ այս սարսափելի պատերազմը, որն իր հետ բերեց պարտությունը ու հետպատերազմյան այս իրավիճակը։

Այս ամենը նույնպես ավելանում է իմ թվարկածներին, որովհետև, ես կարծում եմ՝ այս իշխանությունները շատ լուրջ մեղք ունեն և որևէ քայլ չարեցին պատերազմը կանխելու, այն մեզանից հնարավորինս հեռացնելու ուղղությամբ։ Ընդհակառակը, նույնիսկ կարելի է ասել, որ հրահրեցին պատերազմը։

– Ձեզ նման մարդիկ, պարո՛ն Հարությունյան, շատ կան, ասում են՝ հիասթափված են, ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Սակայն իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, հայտարարում են, որ դա ժողովրդի կարծիքը չէ, ժողովուրդն իրենց կողքին է, ժողովուրդը հրաժարական չի պահանջում։ Դուք ի՞նչ կարծիքի եք, դեռ կա՞ն մարդիկ, որոնք հույսեր են կապում այս իշխանությունների հետ, թե իլյուզիաների մեջ են իշխանությունները։

– Ես կարծում եմ՝ իշխանությունները զբաղված են ինքնախաբեությամբ։ Իհարկե, աշխարհի ամենավատ իշխանություններն ունենում են հետևորդներ, լինում են մարդիկ, որոնք նրանց հետ հույսեր են կապում տարբեր-տարբեր պատճառներով՝ մարդիկ խոր, հեռուն չեն մտածում, ոմանք ուղղակի չեն ցանկանում մտածել։ Կան, բազմաթիվ են։

Ցանկացած գործող իշխանություն ունենում է որոշակի թվով աջակիցներ հանրության մեջ։ Այդ թիվը ճշտելու լավագույն տարբերակը ընտրություններն են, որոնք պետք է Հայաստանում անպայման լինեն և պետք է հնարավորինս շուտ լինեն։ 

– Ընդդիմությունը համաձայն չէ արտահերթ ընտրություններ անցկացնելուն։

– Այո՛, ընդդիմությունը ցանկանում է առանց ընտրությունների գալ իշխանության, բայց դա ճանապարհ չէ և նախատեսված էլ չէ մեր օրենքներով ու Սահմանադրությամբ։

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է պարտադիր լինի, և ես կուզեի, որ այդ ընտրություններում այս իշխանությունները ստանան իրենց արժանի պատասխանը՝ 2 տարուց ավելի հասարակությանը խաբելու, մոլորեցնելու, մանիպուլացնելու համար։ Հանրությունը հնարավորինս քիչ քվե պետք է տա այս իշխանություններին։

Կարծում եմ՝ հենց այդպես էլ պետք է լինի։ Բայց պետք է լինեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնց արդյունքներով պետք է ձևավորվեն նոր իշխանություններ։

Մի շատ կարևոր հանգամանք կա՝ այդ ընտրությունները չպետք է լինեն զգացմունքային։ Վերջերս զգացմունքային ֆոնի վրա ընտրություն արեցինք ու իմքայլականներին բերեցինք զգացմունքային, ոգևորության ալիք վրա։ Հիմա ես չէի ցանկանա, որ ընտրությունը լիներ ապաոգևորության ալիքի վրա։

Կցանկանայի, որ այդ պատասխանատու գործընթացի ժամանակ մեր ընտրողը կշռադատված ու սառը դատողությամբ ընտրություն կատարեր։ Դրա համար պետք է, որ այս կրքերը մի քիչ հանդարտվեն։

– Պարո՛ն Հարությունյան, նորմալ համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ևս մասնակցի արտահերթ ընտրություններին՝ հաշվի առնելով պատերազմը, դրանում պարտությունը։

– ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, իրավունք ունի մասնակցել ընտրություններին, իհարկե, համապատասխան տարիքի առկայության դեպքում։

Բայց այլ խնդիր է, թե որքանով է նրա առաջադրումը լինելու բարոյական։ Այլ խնդիր է, թե ինքն ինչ պատկերացումներ ունի բարոյականության մասին, այլ խնդիր է, թե ինքն ինչ երեսով պետք է նայի մարդկանց, որոնցից ձայներ պետք է խնդրի։

Դա բոլորովին այլ խնդիր է, չեմ կարող որևէ մեկին արգելել։ Բայց, օրինակ՝ մեր երկրին պատճառված չարիքի կես տոկոսը իմ մեղքով լիներ, ես չէի առաջադրվի, նույնիսկ քաղաքում ապրելու խնդիր կունենայի։

– Պարզ է, բարոյական չեք համարում առաջադրումը։

– Այո՛, բայց ասում են՝ քաղաքականությունը իբրև թե բարոյականության հետ աղերսներ չունի։ Իհարկե ես համաձայն չեմ այդ մտքի հետ, բայց մարդիկ կան, որ դա անընդհատ ապացուցում են։

– Եվ վարչապետի հոդվածի մասին։ Որոշ շրջանակներ համարում են, որ այդ հոդվածը արդարացման ջանքեր էին։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Ոչ թե արդարացում էր, այլ ինքը փորձում էր փրկել իրեն՝ մեղադրելով բոլորին, իրենից առաջ եղած բոլորին։

Ընդ որում՝ այնտեղ կային և՛ ստախոսություններ, և՛ կանխամտածված ստախոսություններ, որոնք ես անվանում եմ մանիպուլյացիաներ։ Եվ բացի այդ, տպավորություն կա, որ նա ընդհանրապես չի պատկերացնում ղարաբաղյան գործընթացը, բանակցային գործընթացը։

Իր սեփական անձի մասին չափազանց մեծ պատկերացումները նրան խանգարել են ժամանակին և այսօր նույնպես խանգարում են խորանալ, հասկանալ, ըմբռնել ղարաբաղյան խնդիրը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am