Իտալիայում մայիսի 4-ից սահմանափակումները կմեղմացվեն, առանձին օբյեկտներ աշխատանքը կսկսեն հունիսի 1-ից

Իտալիայում կարանտինով պայմանավորված սահմանափակումները իշխանությունները կսկսեն մեղմացնել մայիսի 4-ից, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

Իր ասուլիսում նա հայտարարել է, որ կպահպանվի տեղաշարժման սահմանափակումը, եթե այն խիստ անհրաժեշտ չէ, տոնակատարությունները բացառվելու են, սակայն հնարավոր կլինի մտերիմներին այցելել ու սգո արարողություններին մասնակցել՝ բայց մարդկանց թիվը չպետք է ավելի լինի քան 15-ն է։

Զբոսանքի համար այգիները կբացվեն, կթույլատրվեն անհատական մարզումները՝ կանխարգելիչ միջոցառումների պահպանման դեպքում։

Մայիսի 4-ից կվերսկսվի արտադրությունն ու աշխատանքը շինհրապարակներում, ինչպես նաև մեծածախ առևտուրը։ Բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր։ Պաշտոնյան նաև ասել է, որ սոցիալական հեռավորության պահպանումը մնում է վարակի դեմ պայքարի գլխավոր սկզբունքը։

Մանրածախ առևտրի կենտրոններն ու թանգարանները կբացվեն մայիսի 18-ին, իսկ գեղեցկության սրահները, բարերն ու ռեստորանները կսկսեն աշխատանքը հունիսի 1-ին։