Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է. պաշտպան

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես էլ այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Վարդևանյանը:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):