«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական խումբը հայտարարել է, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը պատկանում է ադրբեջանական ժողովրդին և պաշտպանվում է պետության կողմից»։
Հայտարարությունը տարածվել է սեպտեմբերի 14-ին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ Ղարաբաղ կատարած այցի և դրա շուրջ Հայաստանում ծավալված հանրային քննարկումների առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանական խումբը դժգոհություն է հայտնել հայկական լրատվամիջոցների հրապարակումներից և Հայաստանում հանրային քննարկումների տոնից։
«Նախևառաջ, դիվանագիտական կորպուսի այցը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք ինքնին չի կարող քննարկման առարկա լինել»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները նաև քննադատել են այցին մասնակցած դիվանագետների և նրանց ներկայացրած պետությունների հասցեին Հայաստանում հնչած գնահատականները՝ դրանք հակասող համարելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի հանձնառությանը։
Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ ադրբեջանական խումբը հայտարարել է․ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը պատկանում է ադրբեջանական ժողովրդին և պաշտպանվում է պետության կողմից»։
Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ մշակութային ժառանգության պահպանության և ներկայացման հետ կապված հարցերը պետք է քննարկվեն «փոխադարձության և բաց երկխոսության սկզբունքների հիման վրա»։
Ադրբեջանական խումբը նաև հայտարարել է, որ խաղաղության գործընթացը չպետք է հայտնվի, իրենց ձևակերպմամբ, «ռևանշիստական ուժերի» ազդեցության տակ և Հայաստանի հասարակությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն էին հայտնել դիվանագետների՝ Գանձասարի միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված զարգացումների առնչությամբ։
Հայաստանյան խմբի հայտարարությունում նշվում էր, որ նման զարգացումները «խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն ու խաղաղության գործընթացը չեն ապահովում հայկական մշակութային ժառանգության պատշաճ ներկայացումն ու պաշտպանությունը»։



















