Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հնացած է և, իր գնահատմամբ, «վտանգի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար»։ Նա այդ մասին ասել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ինչպես հաղորդում է AZƏRTAC-ը, Ալիևը նշել է, որ Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը ատոմակայանն է, և պնդել է, որ դրա շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ շարունակվել։
«Այս կայանը հնացած է և վտանգի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան այս հարցով բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել տարբեր միջազգային հարթակներում։ Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել, վաղ թե ուշ այն պետք է փակվի»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ԱԷԿ-ի փակման դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգետիկ ճգնաժամի, իսկ տարածաշրջանում արդեն առկա է էներգետիկ ճգնաժամ, որը կարող է խորանալ պատերազմների, աճող ռիսկերի, էներգակիրների տեղափոխման շղթաների խափանումների և այլ գործոնների պատճառով։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածաշրջանի այն սակավաթիվ երկրներից է, որոնք էլեկտրաէներգիայի խնդիր չունեն, և Բաքուն նախատեսում է ընդլայնել էլեկտրաէներգիայի արտահանումը ոչ միայն հարևան երկրներ, այլև եվրոպական շուկա։
Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանում արդեն պատրաստ է Հայաստանի տարածքով երկրի հիմնական հատվածից Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը։ Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանի ատոմակայանը փակվի և երկրում էլեկտրաէներգիայի պակաս առաջանա, այդ ենթակառուցվածքը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանից էլեկտրաէներգիա մատակարարել նաև Հայաստանին։



















