QR կոդերը ստուգելու համար նոր սարքավորումների անհրաժեշտություն չկա. ովքե՞ր ու ինչպե՞ս են վերահսկելու հունվարի 22-ից գործող սահմանափակումների իրագործումը

Հունվարի 22-ից հանրային սննդի վայրեր, մարզասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ ու այլ վայրեր այցելել կկարողանան նրանք, ովքեր կներկայացնեն պատվաստումը հաստատող սերտիֆիկատ կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոր սահմանափակումների մասին որոշումն արդեն հրապարակել է: Դրա իրականացման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Նախարարի որոշման համաձայն՝ հանրային վայրեր այցելողները համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով: Տեսչական մարմինը, սակայն, այս հարցում վերահսկողության խնդիր չի տեսնում և ավելին, տվյալ սահմանափակումը վերահսկելու համար լրացուցիչ տեխնիկական պատրաստվածության կարիք չի տեսնում:

«QR կոդերը ստուգվում են հեռախոսային հավելվածների միջոցով: Այդտեղ նոր սարքավորումների անհրաժեշտություն չկա: Բացի հանրային սննդի օբյեկտներից, որտեղ վերահսկողությունն իրականացնելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, մյուս բոլոր վայրերի վերահսկողությունն իրականացնելու ենք մենք»,- «Մեդիալաբին» ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը:

Տեսչական մարմինները նոր սահմանափակման վերահսկողությունն իրականացնելու են այնպես, ինչպես մյուս բոլոր սահմանափակումների դեպքում, այսինքն՝ տեղում ծանոթանալու են՝ պահպանվո՞ւմ են կանոնները, թե՞ ոչ:

Հարցին՝ արդյոք նոր սահմանափակման կատարման վերահսկողությունը խստացվա՞ծ է իրականացվելու, թե՞ այնպես, ինչպես, օրինակ՝ հանրային տրանսպորտի պարագայում է, երբ գրեթե վերահսկողություն չի իրականացվում, Գայանե Խաչատրյանն ասաց.

«Վերահսկողությունն իրականացվում է տեսչական մարմնի հնարավորությունների սահմաններում, ներգրավվում են բոլոր ռեսուրսները: Մինչ օրս քովիդի հետ կապված ստուգայցերն իրականացվում են ամենօրյա ռեժիմով ու խստացված՝ ողջ հանրապետությունում: Հանրային տրանսպորտի մասով կխնդրեմ դիմեք քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին»:


Գայանե Խաչատրյանի խոսքով՝ տնտեսվարողներին նոր սահմանափակումների վերաբերյալ հավելյալ ծանուցում ուղարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ լրատվամիջոցների հրապարակումները, նախարարի հրամանի հրապարակումն արդեն բավարար են տեղեկացված լինելու համար, բացի այդ, ըստ նրա, տեսչական մարմինները նման իրավասությամբ օժտված էլ չեն:


Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am