Անսպասելի ամառ՝ Հայաստանի ոլորաններում. հանգստացողները պնդում են՝ գները բարձր են, ոլորտի պատասխանատուները՝ հակառակը

Կորոնավիրուսի պատճառով փակ սահմանները ստիպել են, որ այս տարի հայաստանցիներն իրենց հանգիստը Հայաստանի տեսարժան վայրերում անցկացնեն։ Սոցիալական ցանցերում Հայաստանը բացահայտող բազմաթիվ հրապարակումներ կան, իսկ տուրիզմի ոլորտի մասնագետներն արձանագրում են, որ ներքին տուրիզմի ոլորտում էական աճ կա։

«Կորոնավիրուսը հնարավորություն էր, որ լավ ճանաչենք մեր սիրելի երկիրը»,- «Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ լրագրող Նարինե Իրիցյանը։

Նա նշում է, որ ամեն տարի գերադասում էր արձակուրդն անցկացնել արտերկրում, որովհետև այդպես ավելի լավ էր կարողանում հանգստանալ՝ կտրվելով առօրյայից։

«Այս տարի, ճիշտ է, համավարակի պատճառով ստիպված եղանք մնալ Հայաստանում, բայց, ինչպես ասում են՝ ամեն վատ բանի մեջ կա լավը։ Կորոնավիրուսն իսկապես հնարավորություն տվեց, որ ավելի լավ ճանաչենք մեր սիրելի երկիրը։ Հիմա Ջերմուկում եմ, շուտով պատրաստվում եմ մեկնել Արցախ և նկատում եմ, որ այստեղ շատ են հանգստացողները, ներքին տուրիզմը զարգանում է»,- ասում է Իրիցյանը։

Նա, սակայն, նկատում է, որ Հայաստանում տուրիզմի ոլորտում գները շարունակում են բարձր մնալ։ 

«Գները այնուամենայնիվ որևիցե փոփոխության չեն ենթարկվել։ Ինչպես նախկինում բարձր էին, այժմ նույն վիճակն է, և թանկ հաճույք է Հայաստանի ներսում հանգստանալը։ Օրինակ՝ ես հիմա երեք օրով Ջերմուկում եմ հանգստանում, այդ գումարով կարող էի Վրաստանում 10 օր ծովափնյա մի հանգստավայրում հանգստանալ»,- նշում է Նարինե Իրիցյանը։

Այն, որ այս տարի ներքին տուրիզմի ոլորտում թանկացում է եղել, ահազանգել են նաև շատ քաղաքացիներ։

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը, սակայն, համամիտ չէ, որ գները բարձրացել են։

«Գները բավական իջել են։ Ասեմ ավելին, տուրիզմի ոլորտի մասնագետների կարծիքով՝ գներն անթույլատրելի են իջել այս տարի։ Մենք այսօր բավական ցածր գներ ունենք, նախորդ տարվա համեմատ էական էժան են ծառայությունները»,- «Մեդիալաբին» ասում է Յաշա Սոլոմանյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը և դրական, և բացասական երևույթներ է առաջացրել։ Դրական է այն, որ այս տարի մարդիկ ստպված եղան ավելի շատ երկրի ներսում ճամփորդել, բացահայտել Հայաստանը, ինչը ճանաչելիության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կարող է դրական տեղաշարժ ապահովել։ 

«Ցավոք, այս ամենն իր հետ նաև խնդիրներ բերեց՝ բնապահպանական խնդիրներ ունենք։ Փորձը ցույց է տալիս, որ եթե ինչ-որ մեկը նոր ու գեղեցիկ մի վայր է բացահայտում ու սոցիալական ցանցերում խմբերում կիսվում, հավատացեք՝ 10 օր հետո այդ վայրը աղբանոց է դառնում։ Այսինքն՝ մեզ մոտ այդ մշակույթը չկա, դրսից տուրիստի դեպքում մենք գրեթե խնդիր չենք ունենում, իսկ տեղացիները ապականում են շուրջբոլորը։ Սա ամենամեծ մինուսն է այս փուլում»,- նշում է նա։

Մյուս խնդիրն այն է, որ այս տարի բավական շատ նոր խաղացողներ հայտնվեցին դաշտում, և հներն իրենց դիրքերը պահպանելու համար սկսեցին դեմպինգային քաղաքականություն վարել։ 

«Իսկ դա իր բացասական հետևանքն ունի, օրերս հերթական աղմուկը բարձրացավ, որ հայտնի կազմակերպություններից մեկը մարդկանց կոնկրետ «քցել» էր։ Մարդիկ տեղյակ չլինելով՝ գնում են էժանի հետևից, խաբվում են գներին ու ձեռք են բերում ցածրորակ ծառայություններ»,- ասում է Յաշա Սոլոմոնյանը։

Ըստ նրա՝ այդ իրավիճակն արդեն թույլ չի տալիս որակյալ տուրեր կազմակերպող կազմակերպություններին նորմալ գործունեություն ծավալել։ 

«Շատ որակյալ զբոսավարներ այսօր անգործ են, քանի որ ուղղակի պատրաստ չեն իրենց գիտելիքներով ու փորձով մի քանի հազար դրամով ամբողջ օրը գնան գործի։ Մեր ներքին տուրիստը, ցավոք, չի ընտրում որակյալ կադրերին։

Մի կողմից լավ է, որ մարդիկ էժան ծառայություններից են օգտվում, բայց մյուս կողմից՝ չեն ստանում այն որակը, որը կստանային, եթե մի քիչ ավելի թանկ վճարեին»,- հավելում է նա։

Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ այսօր դժվար է ասել, թե ներքին տուրիզմի ոլորտում աճը որքան է կազմում։ Վիճակագրական տվյալներ դեռ չկան, տարեվերջին նոր հնարավոր կլինի պաշտոնական թվեր ունենալ։

«Համենայնդեպս, նախորդ տարիների համեմատ էական աճ է գրանցվել։ Կարող եմ ասել, որ կորոնավիրուսը, բացի իր բացասական հետևանքներից, նաև շատ դրական բաներ բերեց։ 

Մարդիկ ժամանակ ունեցան վերապրոֆիլավորվելու, նոր գաղափարներ գեներացնելու։ Մենք էլ տուրիզմի ոլորտի աշխատակիցներով, եթե նախկինում նույն ուղղություններով էինք ճամփորդում մեր տուրիստների հետ, այս տարի նոր ուղղություններ բացահայտեցինք։ 

Այսինքն՝ տուրիզմի ոլորտում լավ փոփոխություններ եղան, և հետագա տարիներին շատ պրոդուկտներ կառաջարկվեն, որոնք մշակվեցին հենց այս ընթացքում»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am