Օմբուդսմենը ԿԸՀ անդամի թեկնածու է նշանակել իր նախկին ենթականերին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսօր հրապարակել է ԿԸՀ անդամի ՄԻՊ-ի թեկնածուների ցանկը: Հիշեցնենք, որ նոր ԸՕ-ով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից երեքին նշանակում է Օմբուդսմենը, եւ որոնց թեկնածությունը հաստատում է հանձնաժողովը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանն ու նրա տեղակալ Աբրամ Բախչագուլյանը, սակայն, նրանցից ոչ մեկը մրցույթը չի անցել: Ըստ ՄԻՊ-ի գրասենյակի կողմից հրապարակված տվյալների, Կարեն Անդրեասյանը որոշել է ներկայացնել հետեւյալ անձանց թեկնածությունը՝ Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան եւ Ռոզա Ստեփանյան:

Նշենք, որ երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն (1988 թվականի ծնված) ու Ռոզա Ստեփանյանը ուղղակի առնչություն ունեն «Դիֆենս» իրավաբանական ընկերության հետ: Մուրադյանը 2008-2009թթ. աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում` որպես իրավաբան, իսկ Ռոզա Ստեփանյանը (1986 թվի ծնված) 2009 թվականի հոկտեմբերից մինչ օրս աշխատում է «Դիֆենս»-ում որպես իրավաբան:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կայքում տեղադրված կենսագրականի, ինքը ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 2008 -2011 թվականներին եղել է «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենը:

© Medialab.am