«ԱԱԾ-ը զրույցի հրավիրելով ակտիվ քաղաքացիներին, փորձում է նախընտրական շրջանում վախի մթնոլորտ սերմանել երկրում». Ժաննա Ալեքսանյան

«ԱԱԾ-ը զրույցի հրավիրելով ակտիվ քաղաքացիներին, փորձում է նախընտրական շրջանում վախի մթնոլորտ սերմանել երկրում». Ժաննա Ալեքսանյան
«ԱԱԾ-ը զրույցի հրավիրելով ակտիվ քաղաքացիներին, փորձում է նախընտրական շրջանում վախի մթնոլորտ սերմանել երկրում». Ժաննա Ալեքսանյան

«Ազգային անվտանգության ծառայությունը, զրույցի հրավիրելով ակտիվ քաղաքացիներին, փորձում է նախընտրական շրջանում վախի մթնոլորտ սերմանել երկրում»,-վստահ է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով ԱԱԾ գործելաոճը համեմատում է 1937 թվականի իրադարձությունների հետ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն օրերս զրույցի է հրավիրել երգիչ Վահան Արծրունուն և քանդակագործ Հարութ Կարապետյանին՝ առանց բացատրելու, թե ինչու: Վահան Արծրունին ԱԱԾ-ում զրույցը քողարկված սպառնալիք է որակել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ-ում փորձել են ստուգել իր քաղաքական կողմնորոշումները, ինչպես նաև հետաքրքրվել են, թե արդյոք մասնակցել է ամռանը Խորենացի փողոցում տեղի ունեցած ցույցերին:

Հարութ Կարապետյանին ԱԱԾ ներկայացուցիչն առաջարկել է գնալ ու զրուցել քանդակների մասին, բայց վերջինս չի ընդունել ԱԱԾ հրավերը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ԱԱԾ այս քայլը գնահատում է որպես ճնշում արվեստագետների վրա:

«Դա նաև նրանց նսեմացնելու փորձ է: Մարդը չգիտի, թե ինչի համար են իրեն կանչում ԱԱԾ, կանչում են զրույցի՝ առանց բացատրելու, թե ինչ զրույցի մասին է խոսքը: Սա բացահայտ ապօրինի հրավեր է և հիշեցնում է 37 թիվը»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ այսպիսով իշխանությունները փորձում են նախընտրական շրջանում վախի մթնոլորտ ստեղծել երկրում:

«Ես սա հավանաբար կկապեմ ընտրությունների հետ, քանի որ նրանք մարդիկ են, ովքեր հեղինակություն ունեն հանրության շրջանում: Կարծում եմ, որ առաջին հերթին հեղինակություն ունեցող անձանց վրա են փորձում ճնշում գործադրել»,- ասում է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ սա նաև հոգեբանական բռնություն է:  Նա նկատում է, որ ԱԱԾ-ն օրինականության դաշտում չի գործել, ծանուցում չի ուղարկել նշված անձանց, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանված լինել ու այնտեղ գնալ իրենց փաստաբանի հետ:

Այսինքն՝ կոպիտ ձևով ոտնահարում են մարդու իրավունքը:

Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱԱԾ-ն իր պարտականությունները չէր կատարել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, չուներ բավարար տվյալներ, որպեզի թույլ չտային նման միջադեպ: Այնինչ, այդ կառույցի բուն նպատակը ոչ թե մարդկանց տեռորի ենթարկելն է, այլ երկրի անվտանգությունը պահպանելը:

«Եվ լավ կլիներ, որպեսզի ԱԱԾ երկրի անվտանգությունը պահպանելով զբաղվեր, ոչ թե մարդկանց առանց պատճառի ու առանց պարզաբանման հրավիրեր զրույցի: Պատկերացնում ենք ԱԱԾ զրույցները, թե ինչ են նշանակում դրանք: Շատ վատ է սկսել ԱԱԾ պետն իր գործունեությունը: Նա նոր էր նշանակվել, երբ ՊՊԾ գնդի գրավումը եղավ: Եվ եթե նա պատասխանատվություն չկրեց դրա համար, լավ կլինի, որ այդ հարցերի շուրջ մտահոգվի, ոչ թե քաղաքացիներին հրավիրի ու տեռորի ենթարկի իրենց զրույցներով»,- ասում է նա:

Միաժամանակ իրավապաշտպանը նշում է, որ չի նկատել, թե վերջին տարիներին նման դեպքեր էլի են եղել: Այսինքն՝ իշխանությունները կարծես նոր գործելաոճ են որդեգրում:

«Ես չեմ հիշում վերջին տարիներին մարդկանց այդպես կանչելու, վախեցնելու կամ ճնշելու միտումներ, հատկապես այդպիսի հեղինակավոր անձանց: Նոր է ինչ-որ բան սկսվում, գուցե մենք հետագայում կտեսնենք, թե պատճառները որտեղ են»,- հավելեց նա:

Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ իրեն ժողովրդավար հռաչակած երկրի համար շատ ամոթ է, երբ 21-րդ դարում նման մոտեցում է ցուցաբերվում: Նման քայլերը վնաս են բերում երկրի հեղինակությանը: Դա, ըստ նրա, ԱԱԾ ցածրորակ մոտեցման մասին են վկայում:

«Շատ ամոթ է, որ մեր երկիրն այս վիճակում է: Նման քայլերով երկիրն են նսեմացնում, քաղաքացուն էլ հետը: Մարդկանց առանձին-առանձին են կանչում զրույցների, որպեսզի ավելի հեշտ լինի ճնշելը»,- ասում է իրավապաշտպանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am