Արցախի լուծարման ակտը իրավաբանական անհեթեթություն էր, ինչպես նաև այն «հիմնավորումը», որով այն դադարում է գոյություն ունենալուց. Խալաթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, Սամվել Շահրամանյանի արդեն նախկին խորհրդականի պնդմամբ՝ Արցախը լուծարելու հրամանագիրն այլևս գոյություն չունի, քանի որ «նախագահի մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի հրամանագրի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության»։ Իրավական տեսանկյունից կներկայացնեք՝ ինչի՞ հետ գործ ունենք, ու ի՞նչ է այս ամենը ենթադրում։

– Նախ ընդգծեմ՝ որպեսզի նորմատիվ իրավական ցանկացած ակտ ուժը կորցրած ճանաչվի, պետք է ընդունվի մեկ այլ նորմատիվ իրավական ակտ, տվյալ պարագայում՝ երբ խոսքն Արցախի նախագահի հրամանագրի մասին է, այն կարող է ուժը կորցրած ճանաչվել կա՛մ նախագահի կողմից, կա՛մ Գերագույն դատարանի կողմից՝ այն հիմքով, որ դա հակասահմանադրական է։ Բոլոր դեպքերում, նորմատիվ իրավական ակտն ինքն իրենով այլևս չի կարող չգործել։ Այսինքն՝ պետք է ֆորմալ ընթացակարգ լինի, որով այդ նորմատիվ իրավական ակտը ուժը կորցրած ճանաչվի։ Սա իրավաբանական նոնսենս է և ցույց է տալիս, որ այդ ակտերն ընդունող պաշտոոնատար անձը պարզապես իրավաբանությունից շատ հեռու է։ 

Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր. եթե անգամ այդ նորմատիվ իրավական ակտը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ այն ընդհանրապես կայացվել է Արցախի Սահմանադրությունից ու ընդհանրապես իրավական տրամաբանությունից դուրս, ստացվում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի էլ գիտակցել, թե ինչ իրավաքաղաքական հետևանքներ է առաջացնելու այդ ուղղակի ծիծաղաշարժ հրամանագիրը։ 

Ի սկզբանե, ես նշել եմ, որ այդ ակտն իրավաբանական անհեթեթություն է, բայց է՛լ ավելի մեծ իրավաբանական անհեթեթություն է այն «հիմնավորումը», որով այդ ակտը դադարում է գոյություն ունենալուց։ Ինչ վերաբերում է սրա քաղաքական հետևանքներին, ապա պետք է նշեմ, որ այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է առաջանում, որում ես անձամբ արտաքին հետք եմ տեսնում: Զուգահեռաբար, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի խորհրդարանի օրակարգ է բերվում հայտարարության նախագիծ, որով պետք է հռչակվի խորհրդային շրջանում Հայաստանում բնակվող ադրբեջանցիների վերադարձի իրավունքը Հայաստան։

Դրան զուգահեռ այստեղ մեկ էլ հանկարծ հիշում են այդ հրամանագրի հնարավոր չեղարկման մասին, մի կողմ թողնենք դրա իրավական անհեթեթությունը, բայց արտաքին քաղաքական առումով դա նշանակում է, որ Հայաստանում ապաստանած արցախահայերն այսօր տարածքային պահանջներ են առաջադրում Ադրբեջանին: 

Եթե սրան գումարենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի վրա մեծ ճնշում կար, որպեսզի վերջինս մեկնի Սանկտ Պետերբուրգ, ես այստեղ տեսնում եմ հստակ կորելացիա, որի դիրիժորը մեր հյուսիսային այսպես կոչված դաշնակիցն է, որի նպատակն է ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի վերսկսման նախադրյալներ ու դրանց չգործարկելու դիմաց Նիկոլ Փաշինյանից զիջումներ կորզել։ 

Սա իսկապես հակապետական գործունեություն է Արցախի ղեկավարության կողմից, այն պարագայում, երբ Արցախի ղեկավարությունը որևէ կերպ չի ցանկանում իր գործողությունները սինխրոնիզացնել Հայաստանի ղեկավարության հետ, գործում է սեպարատ ու ակնհայտ է, որ դրանով չի լուծում ո՛չ արցախահայերի խնդիրները, որոնք միջազգային հարթակներում իրավական լուծումներ են պահանջում, ո՛չ էլ նպաստում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ 

– Միջազգային իրավունքի տեսանկյունից այս երկու հրամանագիրը ինչպե՞ս է ընկալվում։

– Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք պետք է ընդունենք, որ Արցախի իշխանությունները եղել են դեֆակտո իշխանություններ, այսինքն՝ բոլոր պարագաներում, միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք ունենալու ենք նույնական ստատուս քվո այդ հրամանագրի բացակայության կամ առկայության պարագայում, բայց երբ մենք դիտարկում ենք այդ հրամանագիրը՝ որպես Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարի հանգրվան, ապա այստեղ դա, իհարկե, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարների վրա ունենում է բացասական նշանակություն, որովհետև ստացվում է, որ Արցախը դադարում է գոյություն ունենալուց՝ որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ։ 

– Պարո՛ն Խալաթյան, սինխրոն համագործակցության մասով, որ ասում եք, Արցախի կողմն էլ նշում է, որ Հայաստանի պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, բազմիցս հայտարարել են, որ Արցախի թեման իրենց համար փակ է, դրա համար էլ իրենք առանձին են գործում։ Այդ առանձին գործելը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել, կկարողանա՞ն նրանք միջազգային հանրությանը ապացուցել, որ Արցախում տեղի են ունեցել էթնիկ զտում և բռնի տեղահանում։

– Նախ նշեմ, որ Արցախի վտարանդի կառավարության կողմից հանրային մակարդակով չի հնչել Հայաստանի ղեկավարության հետ ինչ-որ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու պատրաստակամություն։ Ես չգիտեմ՝ կուլիսներում ի՛նչ իրավիճակ է, բայց հրապարակային դաշտում, փաստ է, որ նրանք դիրքավորվել են որպես Հայաստանի իշխանությանը հակառակ գործող խմբակ։ 

Ինչ վերաբերում է առանձին գործելուն, եթե նրանք՝ որպես վտարանդի կառավարություն, կարողանային գործել, օրինակ՝ մեր բարեկամներից Ֆրանսիայում կամ որևէ այլ երրորդ երկրի տարածքում, գուցե դա ունենար որոշակի դրական ազդեցություն։ Հայաստանում գործելը հստակ կազուս բելլիի ու բանակցային գործընթացի ձևախեղման հիմք է հանդիսանալու, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային նկրտումներին տալու են ինչ-որ իրավական փաթեթավորում, որ իրենք հիմա էլ ասեն, թե «հակաահաբեկչական գործողություն են իրականացնում Հայաստանի տարածքում՝ վերացնելու սեպարատիստական օջախ»։ Այսինքն՝ բոլոր դեպքերում դա ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին օգուտ չի տալու։ 

– Անկախ այս հռչակագրերից՝ հիմա միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում Արցախն ու Արցախին առնչվող հարցը։

– Հողի վրա, ըստ էության, այսօր Արցախը որևէ կարգավիճակ չունի, Արցախի ժողովուրդը ենթարկվել է բռնագաղթի, ինչը մարդկության դեմ հանցագործություն է, կարող ենք ասել, որ ինչ-որ առումներով նաև ցեղասպանական դրսևորումներ էլ ունի։ Այս համատեքստում պետք է ձևակերպվի արցախահայերի վերադարձի իրավունքը՝ որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, որը միջազգայնորեն պետք է հստակ ամրագրվի։ 

Քաղաքական հատույթում շատ կարևոր է, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական պոտենցիալը, որպեսզի կարողանա իրավամբ նաև միջազգային-քաղաքական գետնի վրա հետամուտ լինել այդ իրավական միջոցների պատշաճ գործադրմանը։ Այս համատեքստում իհարկե շատ կարևոր են, թե ի՛նչ հանգուցալուծումներ կունենան արցախահայերի կողմից միջազգային դատարաններ ներկայացվելիք նոր դիմումները` ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ընթացող դատավարությունը, ՄԻԵԴ ներկայացվսծ գանգատները։ 

Այս ամենի առաջնային քաղաքական նախապայմանը, իհարկե, Արցախի ու Հայաստանի էլիտաների «հաշտությունն» է։ Արցախի էլիտայի ցանկացած անջատողական կենտրոնախույս գործողություն, ինչպիսի հայրենասիրական փաթեթավորում էլ ստանա, վերջնարդյունքում վնաս է հասցնելու թե՛ Արցախին, թե՛ անդառնալի կորուստներ կարող է հասցնել նաև Հայաստանին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am