Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական. «Ազատություն»

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Վլադիմիր Գրիգորյանը
Վլադիմիր Գրիգորյանը

Վլադիմիր Գրիգորյան. – Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը։

Արդյո՞ք իրավական տեսանկյունից այս մեկնաբանությունը խնդրահույց չէ, ի վերջո Արցախի նախագահի կողմից չկա նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին. Սամվել Շահրամանյանի խորհրդականն ասում է, որ ի սկզբանե Արցախը լուծարելու հրամանագիրը ոչ իրավաչափ է եղել, այն հակասել է Արցախի սահմանադրությանը։ Շահրամանյանն այդ հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի ուղիղ պահանջի, Արցախի բնակչության կյանքին սպառնացող վտանգի պայմաններում։

«Նման որոշումը քանի որ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և դրանից հետո շարունակել է արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024թ., 2025թ. լինելու է, որովհետև Արցախի Հանրապետությունը լուծարվում է միայն ժողովրդի հանրաքվեով, և որևիցե անձ, նույնիսկ նախագահը նման լիազորություններ և իրավունքներ չունի, որպեսզի լուծարի հանրապետություն», – ասաց նա։

«Ազատություն». – Այսինքն՝ չսպասե՞լ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանից։

Վլադիմիր Գրիգորյան․ – Ո՛չ, նման սպասելու կարիք չկա։

«Ազատություն».- Իրավական խնդիրներ չե՞ն լինելու, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։

Վլադիմիր Գրիգորյան․ – Իհարկե, այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս նման հրամանագիր գոյություն չունի։