Իշխանական ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վաղաժամ և անտեղին է համարում ԵԽԽՎ-ի կողմից հնչեցրած գնահատականները, ըստ որի հասարակությունը կորցրել է իր հետարքրությունն ու վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:
«Նման կարծիք հայտնելը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ: Ճիշտ կլինի մի փոքր սպասել քարոզարշավի մեկնարկին, և երբ մրցակցային երևույթները կսկսվեն, կերևա հետաքրքությունը, մարդկանց վստահությունը ընտրական գործընթացներին, նոր կարելի է գնահատականներ հնչեցնել»,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը:
Նա կոչ է անում սպասել քարոզարշավի մեկնարկին և նոր միայն նման գնահատականեր հնչեցնել:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունն իր հունվարի 17-ի հայտարարությունում արձանագրել էր, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ։
Դա համարելով լուրջ մտահոգության առարկա և հաշվի առնելով այն, որ հիմնական քաղաքական ուժերը, որոնք պետք է առաջադրեին թեկնածուներ, չառաջադրեցին` ընտրությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով։
«Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` բերելով առավել ցավալի իրավիճակի, քանի որ առաջիկա ընտրություններն արդեն իսկ ստվերված համընդհանուր անտարբերությամբ և անվստահությամբ»,- ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Կարին Վոլդսեթը և կոչ արել իշխանություններին վերականգնել քաղաքացիների վստահությունը:
Հավելենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել ո´չ ընդդիմադիր ՀԱԿ-ը, ո´չ ժամանակին կոալիցիոն հուշագիր ստորագրած ԲՀԿ-ն, ո´չ էլ ՀՅԴ-ն:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am