«Սա այն դեպքն է, երբ ընդդիմության և իշխանության ռազբորկայի արդյունքում կարող է շահել հասարակությունը». Վերլուծաբանները` 12 պահանջների մասին

«Սա այն դեպքն է, երբ ընդդիմության և իշխանության ռազբորկայի արդյունքում կարող է շահել հասարակությունը».  Վերլուծաբանները` 12 պահանջների մասին
«Սա այն դեպքն է, երբ ընդդիմության և իշխանության ռազբորկայի արդյունքում կարող է շահել հասարակությունը». Վերլուծաբանները` 12 պահանջների մասին

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երեկ հրապարակած իրենց 12 պահանջներով իշխանություններին մինչև աշուն ժամանակ են տալիս: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով համազված է, որ քառյակի՝ իշխանություններին արված առաջարկություններից օգուտ կքաղի հասարակությունը: 

«Դրանք այն կետերն են, որոնք այսօր առավել հուզում են հասարակությանը: Այսինքն՝ այն կետերն են, որոնք մակերեսի վրա են դրված, և իշխանությունները դրանք կարող են իրականացնել, դրա համար լրացուցիչ լուրջ ռեսուրսներ պետք չեն»,- «Մեդիալաբին» ասում  Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակի հրապարակած 12 առաջնահերթ պահանջները ներկայացվել են նախագահին ու վարչապետին: Այդ կետերի մեծամասնությունը վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Պահանջների մեջ, իշխանափոխության մասին խոսք առհասարակ չի գնում: Երվանդ Բոզոյանը կարծում է, որ իշխանափոխության խնդիր այսօր կա:

«Ըստ իս իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ավելի արմատական, ավելի ռադիկալ խնդիրներ լուծվեն: Հայաստանի վիճակն այնպիսին է, որ առանց ռադիկալ խնդիրների լուծման լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Դա պարզ է, բայց հասկանալի է նաև, որ քառյակն այս պահի դրությամբ իշխանափոխության խնդիր չի դնում, իշխանությանը ժամանակ է տալիս»,- ասում է նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ իշխանություններն ցանկանում են, որ իրենց ժամանակ տրվի՝ փոքր քայլերով առաջ գնալու համար: Հասարակության մեջ երկու տեսակետ կա այս իմաստով՝ մի մասն ասում է՝ պետք է ժամանակ տալ, մյուս մասը կարծում է, որ երկրի վիճակը շատ վատ է, ժամանակ չկա: Երվանդ Բոզոյանի խոսքով՝ քառյակն այս պայմաններում գնացել է փոխզիջման, իշխանություններին ասում է՝ մենք ձեզ ժամանակ տալիս ենք, իրագործեք այդ քայլերը:

«Այսօր հասարակության համար կարևոր է, որ խնդիրները լուծվեն: Եթե դրանք լուծվում են, ապա ի՞նչ կարևոր է, թե ով է լուծել»,- ասում է նա:

Վերլուծաբանի խոսքով՝ եթե իշխանությունները կատարեն քառյակի ներկայացրած 12 կետերը, ապա դա շահավետ կլինի նաև հենց իշխանության համար, որովհետև իշխանությունը դրանով որոշ իմաստով հասարակության առաջ կվերականգնի իր վստահությունը: Այդ իմաստով, նրա խոսքով, քառյակի առաջարկությունը շատ կառուցողական և առարկայական առաջարկ է:

«Պատկերացնո՞ւմ եք, աշխարհում կա՞ մի դեպք, որպեսզի ընդդիմությունն առաջարկի, որ իշխանությունը նախ կարողանա իրագործել այդ քայլերը, իսկ դրա արդյունքում նաև իր հեղինակությունը կբարձրանա: Եթե այդ քայլերը կատարվեն, ապա դրանից կբարձրանա և իշխանության, և քառյակի հեղինակությունը, և հասարակությունը կշահի դրանից: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ ընդդիմության և իշխանության ռազբորկայի արդյունքում կարող է շահել հասարակությունը: Հասարակությանը հենց դա էլ պետք է»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Եթե իշխանությունները չկատարեն քառյակի ներկայացրած պահանջները, ապա վերլուծաբանի խոսքով, քառյակն իրավունք է ստանում ասելու հետևյալը.

«Հարգելի ժողովուրդ, մենք առաջարկեցինք փոքր քայլեր, իշխանությունները մերժեցին այդ քայլերը, ուրեմն մենք պետք է առաջարկենք ավելի մեծ ու արմատական քայլեր»:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը քառյակի 12 պահանջները նորմալ է գնահատում՝ նկատելով, որ դրանք բխում են հասարակության այսօրվա պահանջներից:

«Հասարակությունն այսօր իշխանափոխության հարց չի էլ դրել և իրեն ավելի շատ հետաքրքրում են փողը կամ փողի հետ կապված խնդիրները: Մենք նկատում ենք, որ քառյակի առաջարկները վերաբերում են հենց փողի հարցին»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ քառյակի 12 պահանջը մշակվել է՝ հաշվի առնելով հասարակության այսօվա հնարավորություններն ու կարիքները:

Արմեն Բադալյանն ասում է, որ իշխանափոխության պահանջն այսօր անիրատեսական է, քանի որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է լինի միայն Ռուսաստանի թույլտվությամբ ու պահանջով:

«Եթե իշխանափոխության, նախագահի ու կառավարության հրաժարականի պահանջ դրվի, այսօր այդ գործընթացներն իրականացնելն անհնար է, որովհետև Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ Մոսկվայի թույլտվությամբ, իսկ հասարակությունը չունի այն ուժը, որպեսզի ստիպի կառավարությանը կամ նախագահին հրաժարական տալու»,- ասում է նա:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ իշխանություններն այդ պահանջների որոշ մասը կկատարեն, որովհետև դրանք իշխանության համար լուրջ խնդիրներ չառաջացնող պահանջներ են:

Քառյակի այն հայտարարությունը, թե պահանջները չկատարելու դեպքում աշնանը համապետական հանրահավաք կանցկացվի, Արմեն Բադալյանը այսպես է մեկնաբանում.

«Կարող է շատ բան ասել քառյակը, կարող է ասել, որ իշխանափոխության հարց կդնի: Խնդիրը հարցը դնելը չէ, խնդիրն իրականացնելն է: Իսկ Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայի թույլտվությամբ, այն էլ այն դեպքում, երբ որ Մոսկվան կիմանաա, թե ով է փոխարինելու այսօրվա իշխանություններին: Բայց քանի որ այսօրվա իշխանությունները դեռևս լուրջ խնդրի առաջ են կանգնած, նրանց առջև Մաքսային միություն մտնելու խնդիր է դրված, հետևաբար մինչև աշուն իշխանափոխության հարցը չի էլ կարող մտնել շրջանառության մեջ»,-համոզված է նա:

Իսկ աշնանը, եթե իշխանափոխության հարցը մտնի օրակարգ, ապա փորձագետի խոսքով, պետք է լինի Ռուսաստանի աջակցությունը, կտա՞ Ռուսաստանը աջակցություն, դա արդեն ուրիշ հարց է:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա, ըստ նրա, դա այդքան նշանակություն չունի, քանի որ վերջին քսան տարում բազմաթիվ հանրահավաքներ են եղել, որոնք պահանջել են իշխանությունների հրաժարականը, բայց արդյունք չի եղել:

Քառյակի գործունեությունը Արմեն Բադալյանը նորմալ է գնահատում՝ նշելով, որ ոչ թե քառյակն է ձևավորում հասարակություն, այլ հասարակությունն ինչ պոտենցիալ ունի, այդ պոտենցիալով էլ գործում են ոչ իշխանական ուժերը:

© Medialab.am