Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին
Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է առաջարկը։ Հանդիպում պահանջողները չեն ներկայացել»։ Ինչից հետո «Օրակարգի» լրագրողը շեշտում է․ «պարզվեց, ովքեր որ ուսանողներին հանել էին բողոքի, չեն ներկայացել»։

Այնուհետև, «Օրակարգը» ցույց է տալիս Վիգեն Սարգսյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս հայտարարում է․ «Երկար քննարկումներից հետո, ամեն անգամ ժամանակ խնդրելով, խորհրդակցելով միմյանց կամ ինչ-որ մեկի հետ, մերժել են այստեղ լինելու մեր առաջարկը, և թեև ստացել են ուղիղ առաջարկ այսօր այստեղ լինել, ներկայացնել իրենց տեսակետները, նախընտրել են մնալ հրապարակներում, փողոցներում։ Կարծում եմ դա շատ լավ նշան չի, որովհետև դա նշանակում է որ նրանք հետաքրքրված են ոչ թե արդյունքով, այլ գործընթացով»։ Այնուհետև «Օրակարգի» լրագրողը նշում է․ «իսկ գործընթացում, ասաց նախարարը, գնում է լուրջ նենգափոխում, զինծառայության մասին նոր օրենքը չի կարելի անջատ դիտարկել»։

Փաստորեն, թե Վիգեն Սարգսյանը և թե «Օրակարգը» պնդում են, որ ուսանողները ինչ-ինչ պատճառներով կամ անհայտ անձանց ուղղորդմամբ հրաժարվել են ներկայանալ ՊՆ նախարարի հետ հանդիպմանը, մինչդեռ, ըստ ուսանողների՝ խնդիրը բնավ հանդիպմանը չներկայանալը չէր, այլ հանդիպման ֆորմատը։  Շարժման ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է. «Երեկ պաշտպանության նախարարությունից մեզ զանգեցին ու ասացին՝ հանդիպում է նախատեսվում և բոլոր ԶԼՄ-ներին ուղարկվել է հաղորդագրություն, սակայն կան ԶԼՄ-ներ, որ հրավիրված չեն եղել: Այստեղ արդեն կա խնդիր, բայց ես չեմ ասում, որ մեզ մտադրված խաբել են, սակայն եթե ասում են բոլոր, ուրեմն բոլորը»։ Այնուհետև նա նշեց, որ ուղիղ եթեր ևս չէին ապահովել: Փաստորեն, ուսանողները պահանջել են թափանցիկ հանդիպում և մերժվել են, այնուհետև որոշել են չմասնակցել այլ ֆորմատի հանդիպմանը։

Հետևաբար՝ Վիգեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի են ներկայացնում իրավիճակը՝ առանց հիշատակելու ուսանողների չներկայանալու պատճառները։ Ավելին, եթե հաշվի առնենք, որ Վիգեն Սարգսյանը չներկայանալու մեղադրանքից բացի հնչեցնում է ինչ-որ չհիմնավորված մեղադրանքներ առ այն, որ ուսանողներին ինչ-որ մեկն ուղղորդում է կամ որ նրանք հետաքրքրված են գործընթացով և ոչ թե արդյունքով, ապա ստեղծվում է տպավորություն, որ ՊՆ նախարարն ու Հանրային հեռուստաընկերությունը փորձում են վարկաբեկել ուսանողներին, և այդ նպատակին հասնելու համար նրանք անգամ սուտ ասելուց չեն խորշում։

Աղբյուրը՝ sut.am