Շիրակի մարզի Սարատակ ու Լուսաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցները փակվել են. քովիդով վարակելիության ցուցանիշը գերազանցել է 10%-ը. կրթության բաժնի պետ

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց լուրը, որ մարզի Սարատակ ու Լուսաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցները երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 18-ից, փակվել են ու անցել հեռավար ուսուցման:

«Երկու դպրոցում էլ դասերը երկուշաբթի օրվանից հեռավար են անցկացվում: Այս մի շաբաթը կլինի հեռավար, հաջորդ շաբաթն արդեն արձակուրդում կլինեն, 14 օրը կպաշտպանվի, ու արդեն նոյեմբերի 1-ից կհաճախեն դպրոց»,- ասում է Շիրակի մարզի կրթության բաժնի պետը:

ՀՀ առողջապահության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք, գրանցվել է 32 մահվան դեպք:

Գևորգ Ղումաշյանը նշեց, որ նշված դպրոցներում քովիդով վարակելիության ցուցանիշը գերազանցել է 10%-ը, և, սահմանված կարգի համաձայն՝ դպրոցները փակվել են:

«Շատ երեխաներ կային, որ ջերմում էին, և դպրոցն ու պոլիկլինիկան համատեղ որոշել են, որ ավելի լավ կլինի դասապրոցեսը հեռավար կազմակերպվի, որպեսզի խուսափեն վարակի տարածումից»,- ասում է Գևորգ Ղումաշյանը, բայց դժվարանում է նշել՝ վարակի աղբյուրը աշակերտնե՞րը, թե՞ ուսուցիչներն են եղել:

Մարզում միայն այս երկու դպրոցն է անցել հեռավար ուսուցման, մյուսներն աշխատում են բնականոն, իհարկե, կան հիվանդ ուսուցիչներ, որոնց փոխարինում են, աշակերտները, որոնք հիվանդ են, հեռավար են մասնակցում դասերին: Կրթության բաժնի պետի խոսքով՝ մարզի դպրոցների աշխատակիցները շատ ակտիվ են պատվաստման հարցում:

«Պատվաստման ցուցանիշը մեզ մոտ բավականին բարձր է. և՛ սպասարկող անձնակազմը, և՛ ուսուցիչները, և՛ վարչական աշխատողները պատվաստվել են, ընդհանուր գումարային ցուցանիշը գերազանցում է 80%-ը»,- ասում է Գևորգ Ղումաշյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am