Մեր կողքին ապրող մարդիկ. Անդրեան

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մեր հանդիպումը պլանավորել էինք մեկ ամիս առաջ, այնուհետև նորից հետաձգեցինք նրա հագեցած օրակարգի ու դրանում անդադար գրանցվող փոփոխությունների պատճառով: Նրա օրակարգը միշտ չէ, որ հստակ է, ու երբեմն հանդիպումները կարող են ձգվել մինչև ուշ երեկո, իսկ բնավորության ու պատասխանատվության պատճառով՝ անգամ հանգստյան օրեր չունի: Շուտով նա ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: 

– Ես միանշանակ նորից եմ գալու: Գիտե՞ս՝ ո՛րն է Հայաստանը թողնելու ամենատխուր պահը, այն, որ շատ բաներ, որ կառուցման, վերջնականացման ճանապարհին են, ես չեմ տեսնի՝ «Թումո»-ն Կապանում, մեկ այլ ծրագիր Դիլիջանում ու այսպես շարունակ: 

Տիկին Վիկտորինը, որ ժամանակին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանն էր, վերջին տարիներին մեր երկրում օտարերկրյա որևէ կառույց ներկայացնող ամենաշատ քննարկվող դիվանագետն է: Երբ նա երկրորդ անգամ եկավ Հայաստան, իր ընտրությունն էր և որոշումը լինել այստեղ: 

– Ես տիպիկ գերմանացի եմ՝ ուղիղ ասում եմ ամեն բան, ես միշտ բանակցության կողմնակից եմ ու հաճախ կարող եմ գործել, բայց հրապարակային հայտարարություն չանել այդ մասին, ուղղակի լուռ աշխատել: Կան արժեքներ և սկզբունքներ, որոնք ամեն բանից վեր են ինձ համար, ես որևէ մեկի կատարածուն չեմ և չեմ եղել երբեք՝ չնայած տարբեր մեկնաբանություններին: 

Առաջին անգամ նա Հայաստան եկավ բավական բարդ շրջանում: Այն ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպանը հիշում է, որ 2008 թվականը մարտահրավերային էր. մեր երկրում տեղի ունեցած ընտրություններին հաջորդեցին ողբերգական ավարտով ցույցեր, մարտիմեկյան իրադարձությունները, որոնց հետևանքով առնվազն 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ եղան, ինչն էլ շոկային ու ցնցումային էր երկրի համար: 

– Սա այն պահն էր, երբ կտրուկ փոխվեց միջավայրը, մարդիկ իսկապես ցնցված էին, ու սա միանշանակ հետք է թողել բոլորի վրա: Միևնույն ժամանակ Հայաստանում տեղի էին ունենում նաև գեղեցիկ իրադարձություններ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ օրինակ, որի ընթացքում մարդիկ հետևում էին այն նշանավոր մարդկանց, որոնցից շատերն առաջին անգամ էին այստեղ: 

Հիշում է՝ իր ժամանելու առաջին շաբաթն էր, երբ դիվանագիտական ներկայացուցչության գործընկերներից մեկի հրավերով գնացին Սևան խորոված ուտելու: Հյուրընկալող կողմը անպատմելի ջերմ էր, քաջալերում էր դեսպանին ուտել, խմել. սովորական հայկական հյուրընկալություն, որին «բախվել» էր գերմանացի դիվանագետը: 

– Զավեշտալի հյուրասիրություն է. դու երբեք չես կարող ինքնուրույն հյուրասիրվել, հայերը դա չեն թողնի, նրանք հետևողական են, որ իսկապես վայելես այս երկրի ողջ պերճանքը: Գերմանիայում քեզ հյուրասիրում են, եթե ուզում ես՝ վերցնում ես, եթե ոչ՝ քեզ երկրորդ անգամ չեն առաջարկի: 

2008 թվականին ես 18 տարեկան էի ու շատ լավ եմ հիշում իմ սերնդակիցներին այդ ժամանակ: Մեր սերունդը հայտնվել էր բարդ սահմանաբաժանին՝ թիկունքին ունենալով խորհրդային ժառանգություն, որն արտահայտվում էր դաստիարակության մեջ, ներկայում ունենալով անկախ երկիր, որն անցնում էր տարբեր վայրիվերումների միջով: 

– Ճիշտ ես, այն սերունդն ու այժմ 18 տարին բոլորած մարդիկ տարբեր են: Ես սա պարզ հասկացա, երբ կրկին վերադարձա Հայաստան, այս անգամ՝ որպես ԵՄ պատվիրակության ղեկավար: Մարդկանց մեջ դրական տրամադրվածություն կա, մարդիկ հույս են տեսնում, նրանցից շատերը որոշում են պատասխանատվություն ստանձնել և շատ ազատ են իրենց կարծիքն արտահայտելիս: 

– Իսկ հիմա՞, նրանք հիասթափվա՞ծ են: 

– Մարդկանց համար անակնկալ էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Նախ՝ քովիդն էր, որին Եվրոպայում և որևէ տեղ չգիտեին՝ ինչպես արձագանքել: Հայաստանում այդ ամենին գումարվեցին նաև պատերազմը և դրան հաջորդած իրավիճակը, որին մարդիկ բնավ պատրաստ չէին: Շատ ծանր իրավիճակ էր, բայց, իմ կարծիքով, Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք համառորեն շարունակում են չհանձնվել, հաստատակամ են պատասխանատվություն վերցնել: 

Հայաստանը հնարավորությունների երկիր է, այն իր ազգայինին զուգահեռ, իր ուրույն մտածողությանը բնորոշ տարրեր ունենալով հանդերձ՝ շատ բաց է այլ մշակույթների հետ շփման տեսանկյունից: Կրթության խթանումը թույլ կտա ավելի մեծ հորիզոններ ստեղծել այս երկրի համար և հնարավորություն կստեղծի ինչպես օտարերկրացիների համար՝ բացահայտել Հայաստանը, այնպես էլ հայերին՝ ճանաչել այլ մշակույթներ, ընդունել տարբերությունները, չհամարել դրանք խոչընդոտ ազգայինի համար: 

– Մի անգամ Գեղարդում էի, երբ հանկարծ հանպատրաստից մի երգչախումբ հայտնվեց ու սկսեց երգել եկեղեցում։ Ես կանգնել էի` հմայված հայկական երգերի կատարմամբ․․․ կարծես այդ պահին մոգական ձգողականություն կար, մի առեղծվածային ուժ, որն անհնար էր չնկատել: Հենց այնտեղ հասկացա, որ հայկական մշակույթը թանկ, շքեղ զբոսաշրջային վայրերը չեն, այլ այն, ինչ հայկական գյուղերում է, այնտեղ, որտեղ մարդիկ մեծ սեղան են գցում ու հետո անկաշկանդ սկսում երգել բոլորով:

Տիկին Վիկտորինը շրջել է Հայաստանով ու նկատել, որ կյանքը կարող է շատ ավելի դժվար լինել Երևանից դուրս, հատկապես ձմռանը, երբ տունը տաքացնելու տարրական խնդիրն իրականում լրջագույն մարտահրավեր է: 

– Ես միշտ ասում եմ՝ Երևանն ասես պղպջակ լինի, ու ես սիրում եմ այն: Բայց եթե դուք ուզում եք տարբերվող մի բան, գնացե՛ք մարզեր: Ես սիրում եմ Շիրակը, այնտեղ մարդիկ կարող են շատ ուղիղ, հստակ ասել այն, ինչ մտածում են, ու ես գնահատում եմ սա: Անցյալ տարի կանանց շրջայց ունեինք դեպի Սյունիք, գնացինք Կապան, որտեղ ես տեսա մարդկանց, որոնք չեն բողոքում, զարմանալի է, չէ՞, չէին տրտնջում, գլուխները կախ աշխատում էին: 

Դեսպան Անդրեա Վիկտորինի եռանդին ու էնտուզիազմին հետևելիս դժվար է պատկերացնել, որ նա կարող է հոգնել: Նրա օգնականը միջամտում է ու ասում, որ դիվանագետը երբեմն աշխատելու հարցում չափն անցնում է ու մոռանում հանգստի մասին, հանգստյան օրեր հասկացությունը նրա բառապաշարից բացակայում է: 

– Երբեմն ես ինձ թույլ եմ տալիս հոգնել ու հանգստանալ, այդ ժամանակ սիրում եմ գնալ Գյումրի: Շատ սիրում եմ Լոռին, կարող եմ ժամերով նստել ու նայել բնությանը: Մեկ ժամը բավական է ողջ հոգնածությունը թոթափելու համար: Ես պաշտում եմ Տաթևը, այդ վանքի ձգողականությունը որևէ այլ վայրի հետ չես շփոթի: Պիտի շատ ճամփորդես Հայաստանով այն սիրելու համար: 

Կան պատմություններ, որ նա երբեք չի մոռանա, կպատմի այլ երկրներում, այլ մարդկանց որպես օրինակ, որ չընկճվեն, որ չլսեն ուրիշներին: 

– Չես կարող գնալ Գյումրու «Արեգակ» սրճարան, տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որոնք վարակիչ էներգիայով աշխատում են՝ այդքան բարձր որակ ապահովելով, ու չհիանալ: Չես կարող հանդիպել Կարինեին՝ «Ագաթ» հասարակական կազմակերպության հիմնադրին, լսել նրա կյանքի պատմությունն ու ձեռքը չսեղմել՝ հիացած: Նա հրաշալի մարդ է, իսկ նրա կյանքի պատմությունը՝ իսկական դաս բոլորի համար, մարդ, որին ասել են՝ չես կարող, իսկ նա որոշել է չհանձնվել, այն, ինչ ասացի սկզբում: 

Պատերազմից կարճ ժամանակ էր անցել, ու որդեկորույս մայրեր կային, որոնք ուզում էին նրա հետ հանդիպել: Ասել, որ դա ծանր էր, նույնն է, թե ոչինչ չասել:

– Նրանք ցույց էին տալիս իրենց կորցրած որդիների լուսանկարները, ու յուրաքանչյուրը պատմում էր որդու մասին: Հանկարծ ես հարցրի՝ իսկ ի՞նչ կուզեիք անել: Սկսեցին պլաններ կազմել, հասկանո՞ւմ ես՝ մեկն ասաց, որ կուզենար դպրոց ունենալ և տղայի անունով կոչել, մյուսը՝ մեկ այլ բան… Կսկիծը, մորմոքը չանցան, բայց գոնե մտքում հույս հայտնվեց՝ ապրել շարունակելու: 

Դիվանագետները հստակ արարողակարգի են հետևում, և հաճախ մենք չենք կարող տեսնել նրանց իրական ապրումները, չտեսնելը երբեմն թույլ է տալիս նաև մարդկային հատկանիշների մասին եզրակացություններ անել, որոնք, հնարավոր է՝ ճիշտ չլինեն: Անդրեա Վիկտորինն ասում է, որ կան դեպքեր, երբ պարտավոր է դիվանագիտական արարողակարգին հետևել, բայց եթե դիվանագետը միշտ հետևում է դրան և չի կարողանում անհրաժեշտ պահին արտահայտել իր՝ որպես մարդու ունեցած ապրումները, ապա չի կարող լավ դիվանագետ լինել: Պիտի կարողանալ կառավարել հույզերը, բայց կան պահեր, երբ նա ունեցել է ապրումներ, ու դա տեսանելի է եղել: 

– Պարզ է, չէ՞, որ ես՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, չեմ կարող հստակ իրավիճակներում լաց լինել, բայց տեղեր կան, որ խիստ մարդկային երևույթների մասին են, ու պետք է ունենալ, պետք է կարողանալ հույզեր արտահայտել: 

Քանի որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և շուտով նաև՝ դիվանագետի կարիերան, պետք է մտածել, թե ո՛ր ոլորտն է ամենից գրավիչը հետագայի համար: 

– Ես բոլորին ասում եմ՝ վե՛րջ, սեպտեմբերից կնստեմ բազկաթոռին ու կսկսեմ շյուղերով հյուսել, բայց իրականում հյուսել չգիտեմ: Ես անկասկած զբաղմունք կգտնեմ։ 

Նա սիրում է կարդալ, երաժշտություն լսել, խոհանոցում լինել ու պատրաստել, բայց սրանցից ոչ մեկի ժամանակը չունի: Նա վայելում է Հայկական լեռնաշխարհից հավաքած խոտաբույսերը, որոնցով կարելի է թեյ պատրաստել, ու թեև փորձել է տոլմա պատրաստել, վստահ է, որ ավելի լավ մասնագետներ կան: Մտածում է՝ գուցե երբ Հայաստան վերադառնա որպես զբոսաշրջիկ, հայկական խոհանոցի դասընթացներ անցնի, բայց դա արդեն մեկ այլ հանդիպման առիթ է: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am