«Եթե Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ գործի, Արցախի տնտեսությունը կմեռնի». Տնտեսագետներ

«Եթե Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ գործի, Արցախի տնտեսությունը կմեռնի». Տնտեսագետներ
«Եթե Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ գործի, Արցախի տնտեսությունը կմեռնի». Տնտեսագետներ

Եթե Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրվի և խստացված ռեժիմով գործի, Արցախի տնտեսությունը  հսկայական վնասներ կկրի: Այս կարծիքին է անկախ տնտեսագետ Վահագն Ղազարյանը, ով, սակայն, քիչ հավանական է համարում, որ այդ մաքսակետը կտեղադրվի կամ տեղադրելուց հետո էլ խստորեն կգործի:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես խուսափում են պատասխանել հարցին, թե Մաքսային միությանը  միանալու դեպքում Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ կգործի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը լույս սփռեց այս հարցի վրա:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» վերջերս հրապարակած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները հստակեցրին, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու է առանց Արցախի:

Մասնավորապես, նախագծում նշվում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»:

Սա ենթադրում է, որ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ պետք է տեղադրվի, չնայած նրան, որ մինչև օրս իշխանությունները հանրությանը հուզող այս հարցին հստակ պատասխան չեն տվել:

«Երբ միանշանակ ասում ենք՝ մաքսակետ է լինելու, ճիշտ չէ: Կարող է լինել և չգործել, կարող է չլինել, կարող է լինել և շատ խիստ գործել: Երեք տարբերակն էլ հնարավոր է»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Նրա խոսքով, եթե մաքսակետը դրվի և գործի, Արցախը տնտեսապես կմեկուսանա աշխարհից:  

«Ղարաբաղի ճանապարհը դեպի արտաքին աշխարհ միայն Հայաստանով է: Սա նշանակում է, որ մենք Ղարաբաղում ծագած բոլոր ապրանքներից ու ծառայություններից պետք է մաքսատուրք գանձենք, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի տնտեսությունը կհայտնվի շատ վատ վիճակում: Այլ երկրներ Ղարաբաղը չի կարողանում ինքնուրույն ապրանքներ արտահանել, եթե մաքսակետ լինի ու խիստ գործի, մենք այդ երկրի տնտեսությունը կսպանենք»,- ասում է Վահագն Ղազարյանը:

Միաժամանակ նա նկատում է, որ ցանկացած ինտերգման գործընթաց ունի իր իրավապայմանագիրն ու չկարգավորված դաշտը, որը լուծվում է «ըստ բանակցությունների»:

«Տնտեսական ինտեգրման և տնտեսական միության ձևավորման ֆորմալ դաշտում պարտադրում են, որ արտաքին մաքսային սահմանը լինի միասնական և նմանատիպ ընթացակարգերով: Սակայն  մեր նախորդ բազմակողմ և երկկողմ հարաբերությունները բոլոր երկների հետ այլ կերպ են եղել: Օրինակ՝ Ղազախստանի հետ Ազատ առևտրի համաձայնագրով ասվում էր, որ Հայաստանի տարածքում արտադրված ապրանքները ազատ մաքսատուրքով են մտնում Ղազախստան, բայց Հայաստանից ԼՂՀ ապրանանքն էլ է գնացել որպես ազատ առևտրի սուբյեկտ: Նույն խնդիրը կար Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ, եթե ԵՄ հետ համաձայանգիրը ստորագրվեր, Ղարաբաղի ապրանքները գնալո՞ւ էին ազատ ռեժիմով: Որևէ մեկը երբևիցե բարձրաձայնե՞ց այդ մասին: Ոչ, որովհետև այդպիսի բաները, որոնք ֆորմալ դաշտում հակասում են նորմերին, բանակցությունների արդյունքում ձեռք է բերվում պայմանավորվածություն, որն անպայման չէ, որ թղթի վրա գրված լինի»,- նշում է տնտեսագետը:

Նա լիահույս է, որ ներկա փուլում վարվող բանակցությունների արդյունքում մաքսակետ չի տեղադրվի Հայաստանի և Արցախի սահմանին:

«Այդ մաքսակետը չի գործելու, մոռացեք, որովհետև եթե մի ճանապարհի վրա դրված լինի խիստ մաքսակետ, կողքից այլ ճանապարհ է բացվելու, ապրանքն ազատ գնալու է ու գա»,- կարծում է նա:

Տնտեսական գիտությունների թեկնածու Ղարիբ Հարությունյանը նույնպես շրջանառության մեջ է դնում այն տարբերակը, որ հնարավոր է մաքսակետ տեղադրվի, բայց այն չգործի:

«Դա քաղաքական հարթության մեջ քննարկվող հարց է: Օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարում է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաների մասին է խոսքը: Եթե միջազգային ճանաչված սահմաններով առաջնորդվեն, մաքսակետ կտեղադրվի, բայց միգուցե լինեն փոխհամաձայնություններ: Դա պետք է լինի քաղաքական մակարդակով, և այդ համաձայնությունների հիման լուծում տրվի խնդրին: Մյուս տարբերակն էլ այն է, որ կարող է մաքսակետ տեղադրվի, բայց դա ձևական բնույթ կկրի, չի կիրառվի»,-«Մեդիալաբին» ասում է Ղարիբ Հարությունյանը:

Տնտեսագետի խոսքով, եթե մաքսակետը տեղադրվի և գործի, Արցախի տնտեսությւան վրա դա միանշանակ բացասական ազդեցություն կունենա:

Նա նկատում է, որ ներկայումս Հայատանը ԼՂՀ-ի հետ ապրանքաշրջանառության մեծ ծավալ ունի:

«Այդ ապրանքաշրջանառությունն այսօր իրականացվում է զրոյական մաքսադրույքով: Եթե մաքսակետ տեղադրվի, Հայաստանի և ԼՂՀ միջև լինեն մաքսային հարաբերություններ, միանշանակ գների բարձարացում կլինի: Ընդ որում, կթանկանան ինչպես Հայաստան ներկրվող, այնպես էլ Հայաստանից ԼՂՀ արտահանվող ապրանքները»,- ասում է նա:

Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականին կազմել է 328.5 մլն ԱՄՆ դոլար. 2012 թվականի համեմատ ներմուծման ծավալները նվազել են 7.7 , իսկ արտահանմանծավալները աճել են 3.2 %-ով: Արտահանման հիմնական ուղղությունները Հայաստանն է, ԱՊՀ երկրները, Մեծ Բրիտանիան, Իրանը, Չինաստանը եւ այլն:

ԼՂՀ կառավարության տվյալների համաձայն, 2013 թվականին տնտեսական աճը հանրապետությունում կազմել է 9.3%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 44.3 մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ աճելով 10 %-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2012 թվականի համեմատ ապահովելով 9.2%-ի աճ, հասել է է 55.2 մլրդ դրամի:

Ղարիբ Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Կոմպաս» գիտեհետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնն առաջիկայում նախաձեռնում է հետազոտություն իրականացնել՝ հաշվարկելու, թե ինչ վնասներ կարող են լինել, եթե Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ տեղադրվի: 

«Դեռ չեմ կարող հստակ թվերով ասել, բայց հնարավոր ազդեցությունը միանշանակ լինելու է, եթե մաքսակետ տեղադրվի»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Նշենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծից հետևում է, որ մաքսակետեր կարող են ստեղծվել Քաշաթաղում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն Եվրասական տնտեսական միությունում գործող բավականին բարձր սակագներով: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանն այս պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից այն ուժի մեջ կմտնի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսելով հարցի մասին բացառել է, որ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ կգործի:

«Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ եւ ՀՀ միջեւ: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղեւորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է,-նշել է նա,- Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ եւ ՀՀ-ի միջեւ առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:

Մարի Ներսեսյան

Լուսանկարում` Ստեփանակերտի շուկան (Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան)

© Medialab.am