ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: